Անպատիժ մնացած սպանություններ, կամ հոգեբուժարան տանող ճանապարհներն արյունոտ են

Պատմության մեջ ահասարսուռ հանցագործությունների պակաս երբեք չի եղել, դրանք որոշ ժամանակ քննարկման առարկա են դարձել, ապա մոռացվել։ Շատ դեպքերում հանցագործները մնում են անպատիժ, որովհետև հանցանքը կատարելիս հոգեկան խնդիրներ են ունեցել։
Sputnik

Sputnik Արմենիան ներկայացնում է տարիներ առաջ տեղի ունեցած մի քանի աղմկահարույց սպանությունների մանրամասներ։

Ձայներ էր լսում, որոնք հրամայել են սպանել երեխաներին

2011 թվականի սեպտեմբեր 7–ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվում, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասվածքներ է հասցրել իր 2 մանկահասակ երեխաներին և դուռը փակել ու հեռացել: Նշված բնակարանում ոստիկանները հայտնաբերում են խեղդամահ  արված 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյաններին: Նույն օրը երեխաներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվում է նրանց մայրը` Ռոզա Ալոյանը: Հարուցվում է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 1–ին և 5–րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ առանձնակի դաժանությամբ): Գործի քննությամբ պարզվում է, որ երեխաներից մեկին կինն իր շարֆով է խեղդամահ արել, մյուսին` սավանով։ Սպասելով շուրջ երկու ժամ ու համոզվելով, որ որդիները մահացել են` նա հեռացել է տնից։

Եղբայրը նախ խեղդել, ապա գլխատել է քրոջը․ Երևանում կատարված սարսափելի սպանության հետքերով

Դատարանը պարզել է, որ կինը հոգեկան խնդիրներ ունի։ Ռոզա Ալոյանը տառապում է «պարանոիդ շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ: Սպանությունն իրագործելու ժամանակ կինը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, որը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Դա էլ հիմք է հանդիսացել, որպեսզի կինն ազատվի քրեական պատասխանատվությունից: Ռոզային նշանակվել է հարկադիր բուժում` հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ կնոջ հիվանդության զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել մոր մահը, որին խորթ հայրը կացնահարել էր, երբ նա դեռ երեխա էր։ Ռոզան մեծացել էր Գավառի մանկատանը։

Դեպքից հետո նա ասել է, որ պարբերաբար ձայներ է լսում, որոնք էլ հրամայել են սպանել երեխաներին։

Սպանել է մորը, վիրավորել՝ հորը և հայտնվել հոգեբուժարանում

2019 թվականի հուլիսի 19-ին ողբերգական հերթական դեպքը տեղի ունեցավ Երևանի Նոր Արեշ թաղամասում. 27-ամյա Արման Ավագյանը տանը վնասել էր ինքն իրեն, ապա խոհանոցային դանակով սպանել էր մորը` 61-ամյա Անժելա Քալոյանին, հետո նույն դանակով մի քանի հարված հասցրել հորը` 59-ամյա Գասպար Ավագյանին, սակայն բժիշկները կարողացել էին փրկել վերջինիս կյանքը։ Արման Ավագյանը կալանավորվել էր։

Դատաքննության ընթացքում նա հրաժարվել էր ցուցմունք տալուց, իսկ Գասպար Ավագյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ վերջին 2 տարիներին որդու մոտ նկատել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես՝ նա անընդհատ գանգատվել է իր նկատմամբ ուշադրության պակասից, իրեն լուրջ չվերաբերվելուց, երեխայի տեղ դնելուց, իրեն ոչ ճիշտ դաստիարակելուց: Մի քանի անգամ դիմել են հոգեբանների օգնությանը, սակայն ապարդյուն:

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Դատարանը, հաշվի առնելով, որ Արման Ավագյանը քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում է կատարել, որոշեց նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ նշանակելով հարկադիր բուժում հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:

Կասկածանքները կրծել են հոգին և ստիպել սպանել կնոջը

2010 թվականի ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը, 60-ամյա Վլադիմիր Զոհրաբյանը Այնթափում գտնվող իր տան ննջասենյակում դանակով 18 հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը՝ Մարինե Ավետիսյանին։ Ապրիլի 17–ին Վլադիմիր Զոհրաբյանը ձերբակալվել էր։ Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասի (Սպանություն`ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով։ Պարզվել է՝ դեռ 2009 թվականի ամռանը Զոհրաբյանի մոտ նկատվել են հոգեկան շեղումներ, նա մեկուսացել է և ոչ մեկի հետ չի շփվել: Բուժվել է Նորքի հոգեբուժական կլինիկայում, որտեղից դուրս է գրվել իր պահանջով:

Հայ ընտանիքում ծեծելով երեխա են սպանել. ո՞ւր էին սոցաշխատողները, ինչո՞վ են զբաղված

Դեպքի օրը Զոհրաբյանը կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, սկսել է վիճաբանել նրա հետ և որոշել սպանել, քանի որ, նրա պնդմամբ վերջին շրջանում կինն իրեն տարօրինակ է պահել, հաճախակի տնից բացակայել է և չի տեղեկացրել, թե ուր է գնում։ Դատարանի որոշմամբ՝ Վլադիմիր Զոհրաբյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից և նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում՝  Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում։

Կրկին զոհը ծնողն է

2019 թվականի օգոստոսի 18-ին մեծ աղմուկ բարձրացրեց 29-ամյա աղջկա կողմից մոր պանությունը։

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում Գյումրի քաղաքի բնակչուհի Լուսինե Միկոյանը ընտանեկան անախորժություններից ծագած վիճաբանության ընթացքում, կացնով և փայտով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր մոր`Գոհարիկ Քոսյանի գլխին և մարմնի տարբեր մասերին ու սպանել նրան:

Նախաքննական մարմնի կողմից Լուսինե Միկոյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Նախաքննության ընթացքում Լուսինե Միկոյանը դրսևորել էր տարօրինակ վարքագիծ և, ըստ գործով վկաների ցուցմունքների, նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որն էլ հիմք էր հանդիսացել նախաքննական մարմնի համար Լուսինե Միկոյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության: Փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Լուսինե Միկոյանը տառապել և տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, որը զրկել և զրկում է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Լուսինե Միկոյանը ճանաչվել է անմեղսունակ:

Կնոջը սպանել է, դին նետել աղբանոցը. Արմավիրում 50-ամյա տղամարդ է կալանավորվել

Աղջիկն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ կիրառվել է հարկադիր բուժում` Նուբարաշեն հոգեբուժական հիվանդանոցի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Կյանքում շատ իրավիճակներ մարդուն կարող են հասցնել հոգեկան խանգարվածության` սկսած գենետիկ հակվածությունից մինչև անհաջող պատահականություն կամ դժբախտ պատահար։ Ոչ ոք դրանից ապահովված չէ։ Այլ հարց է, որ մեր հասարակության շրջանում հոգեբանների հետ աշխատելու, նրանց դիմելու ձևավորված մշակույթ չկա։

Ամեն նման դեպքից հետո հոգեբանները կոչ են անում ուշադիր լինել իրենց և հարազատների հոգեկան առողջության նկատմամբ և խնդիրների դեպքում անպայման դիմել մասնագետին։

Իսկ նման ողբերգություններ հաճախ ծնվում են, որովհետև պատկան մարմինների թերացումների պատճառով խնդիրներով մարդը համապատասխան պահին համապատասխան վայրում չի ստանում համապատասխան բուժում։