Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա

Ավիահաղորդակցությունը կվերականգնվի նաև Հարավային Կորեայի հետ։ Օպերատիվ շտաբից հայտնել են նաև, որ Ռուսաստանը դադարեցնում է բոլոր հատուկ չվերթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի –  Sputnik. Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Օպերատիվ շտաբին։

Շաբաթական մեկ անգամ չվերթեր կիրականացվեն դեպի Մինսկ, Նուր Սուլթան և Բիշքեկ։

«Ուզում եմ Ռուսաստան գնալ». ակցիան շարունակվում է, բայց կոչ են անում չքաղաքականացնել այն

Սեպտեմբերի 27-ից ավիահաղորդակցությունը կվերականգնվի նաև Հարավային Կորեայի հետ (ք. Սեուլ)։ Օպերատիվ շտաբից հայտնել են նաև, որ սրա հետ մեկտեղ Ռուսաստանը դադարեցնում է բոլոր հատուկ չվերթերը։

Նշենք, որ Մոսկվա–Երևան չարտերային երկու չվերթ կիրականացվի սեպտեմբերի 23-ին և 25-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվեց մարտին կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ Բացառություն կազմեցին քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։