Մեր հարաբերությունները չի կարելի ի վերուստ տրված համարել. Երևանում ռուսական կենտրոն բացվեց

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խոսքով` երկու երկրները պետք է շարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն և զարգացնեն երկկողմ հարաբերությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր` սեպտեմբերի 18–ին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երևանյան մասնաճյուղերից մեկում բացվեց Հայաստանում առաջին «Ռուսական կենտրոնը»:

«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Կենտրոնում կա շուրջ 1500 ռուսալեզու գիրք, որոնցից կարող են օգտվել գրադարանի 40 հազար ընթերցողները: Բացի այդ, այնտեղ կանցկացվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:

«Կրթությունը զարգացած պետության հիմնական և գլխավոր բաղադրիչն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երիտասարդներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուսաց լեզվի և գրականության մասին», – ասաց «Ռուսական կենտրոն» ստեղծելու նախաձեռնության հեղինակ կազմակերպության` «Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։

«Այսօր մեզ մոտ պրեմիերա է․ առաջին նման կենտրոնն է բացվում Հայաստանում։ Մյուս գրադարաններում առայժմ ռուսական կենտրոններ չկան։ Երբեմն կարող է թվալ, թե Հայաստանում Ռուսաստանի մասին բոլորը գիտեն, բայց երկու երկրները պետք է շարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն և զարգացնեն երկկողմ հարաբերությունները։ Հուսով եմ, որ այս կարևոր նախաձեռնությունը կշարունակվի, այդ թվում նաև երկրի մյուս քաղաքներում և մարզերում»,-նշեց դեսպանը։

Ավիահաղորդակցության վերականգնումը կախված է համաճարակաբանական իրավիճակից. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Մեր հարաբերությունները չի կարելի ի վերուստ տրված համարել. Երևանում ռուսական կենտրոն բացվեց

Կոպիրկինի խոսքով՝ նման կենտրոնների բացումը կարևոր է նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

«Իհարկե, մեր հարաբերությունները շատ ամուր են, դրանց արմատները շատ խորն են, բայց դա չի կարելի որպես ի վերուստ տրված համարել։ Մենք պետք է համատեղ և մշտապես աշխատենք, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան, հարմարվեն նոր իրողություններին ինչպես մեր երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-ավելացրեց նա։

Գրադարանի տնօրենի խոսքով՝ ռուս գրականությունը միշտ մեծ պահանջարկ է ունեցել ընթերցողների շրջանում, և նոր գրքերի շնորհիվ դպրոցականները, ուսանողներն ու մեծահասակ ընթերցողները կարող են ավելի հաճախ գալ գրադարան՝ իրենց սիրելի գրքերի հետևից:

Մեր հարաբերությունները չի կարելի ի վերուստ տրված համարել. Երևանում ռուսական կենտրոն բացվեց

«Ռուսական կենտրոնի» մուտքն ազատ է ոչ միայն գրադարանի գրանցված ընթերցողների, այլև բոլոր ցանկացողների համար: Այն բացվել է Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային-գործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։