ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Միայն պարտվելու համարձակությունն է, որ հաղթանակ կբերի։ Միայն սխալվելու համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ճիշտ ու սխալ քայլերի մասին իր տեսակետը։
«2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածվածն իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են: Հարցն այն է, որ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը և ի վերջո՝ նաև երկիրը, որովհետև որևէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ՔՊ-ն իշխանափոխություն արեց բացառապես «սխալ քայլերի հետևողականության» շնորհիվ, որովհետև հասկանում էին` ինչն է սխալ և ինչու։ Փաշինյանը նշել է, թե իրենք որոշել էին գործել սխալը-սխալի հետևից, դրանով իրենց ազատագրելով ճիշտ լինելու կապանքներից: Որպեսզի հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, վարչապետը ներկայացրել է ՔՊ–ի սխալների համառոտ պատմությունը:
«Կառուցենք Հայաստանը նորովի». Արամուսում 40 տարվա ընդմիջումից հետո մանկապարտեզ կգործի
Որպես օրինակ Փաշինյանը նշել է 2015–ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: Վարչապետը հիշեցնում է, որ ՔՊ-ն դա համարել էր կեղծ օրակարգ. չնայած ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ–ն գործընթացին չմասնակցեց: Փաշինյանը նշում է, որ գործընթացն ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն, և այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրվեց ծախված, կառավարելի ընդդիմություն լինելու մեջ:
Եվ մեկ օրինակ է բերել վարչապետը` հիշեցնելով 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման դեպքը։ Այդ ժամանակ էլ ՔՊ-ն գնացել էր իրադարձությունների վայր «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ` ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որևէ քաղաքական նպատակի համար: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը: Բայց ՔՊ-ն, ըստ Փաշինյանի, այստեղ էլ էր սխալ, որովհետև մի միջավայրում և մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն: Փաշինյանը նկատում է` պրոցեսը ավարտվեց նրանով, որ այն նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին և բոլորը գնացին տուն:
Փաշինյանն առաջարկում է տուգանել ամբիոնից առանց դիմակի ելույթ ունեցող պատգամավորներին
ՔՊ–ին ծախված լինելու մեջ մեղադրել են նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՔՊ-ն, որ «Ելք» դաշինքի կազմում էր, հրաժարվեց հետընտրական հերթական իշխանափոխության քաղաքականությունից և արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրողների քվեարկության արդյունքում: Այսինքն` ուղիղ ասաց, որ քաղաքացիներն ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել, դե թող ուրեմն վայելեն իրենց «ընտրած» իշխանությունը: ՔՊ-ին այդ ժամանակ մեղադրեցին մանդատ մուրալու, ծախված լինելու մեջ:
Եվ, վերջապես, 2018-ին, երբ գրեթե բոլորը, ըստ Փաշինյանի, համակերպվել էին, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի, ՔՊ-ն հայտարարում էր հեղափոխության մասին։ Սակայն մարդկանց մի մասը ծիծաղում էր, մյուսները` մեղադրում ծախված լինելու մեջ
«ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որն սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար։ Մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով»,–գրել է Փաշինյանը։
Նրա խոսքով` տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի, և ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա` պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, Հայաստանը հզորացնելու երազանքից:
Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին
Ի դեպ, Փաշինյանը հայտնել է նաև, որ վերոհիշյալ տեքստը ստեղծվել է երեկ ՔՊ կուսակցության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթի հիման վրա։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ–ում մեծ հավաք էր, որին մասնակցում էին ինչպես մարզպետները, այնպես էլ կառավարության անդամներն ու ՔՊ–ական պատգամավորները։