Որոշ պատգամավորներ պաշտոններ կստանան գործադիրում, մեկն էլ` մարզպետ կդառնա. ԶԼՄ–ներ

«Ժողովուրդ» և «Հրապարակ» թերթերին տեղեկություններ են հասել գործադիրում սպասվող փոփոխությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Ըստ թերթի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր:

Փաշինյանն առաջարկում է տուգանել ամբիոնից առանց դիմակի ելույթ ունեցող պատգամավորներին

«Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Իսկ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, և ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը. խոսքը վերաբերում է նախարարների և փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու»,–գրում է թերթը:

«Ժողովրդի» տեղեկություններով` այդ պատգամավորների թվում է նաև Արման Բոշյանը, և այժմ քննարկվում է նրան տանելու և որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:

Իսկ ահա մեկ այլ լրատվամիջոցի` «Հրապարակի» տվյալներով` իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։

«Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ` ազգակործան էլեմենտ». դատավորի թեկնածուն` պատգամավորին

«Ճի՞շտ է, որ շուտով գործադիր եք տեղափոխվելու՝ մարզպետի կարգավիճակում․ երեկ  հարցրինք Արեն Մկրտչյանին։ «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշտոնավարել որպես Լոռու մարզպետ, իմ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»»,-պատասխանեց նա:

Թերթը գրում է, որ իշխանությունը մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, քանի որ դիմացը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է լինելու և Մարուքյանների թեկնածուն։