«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները

Նոր կենտրոնում տեղակայվելու է նաև Ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետը։ Հայաստանյան այլ բուհերը «Թումոյի» լաբորատորիաներից կօգտվեն պայմանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված պայմանագրի համաձայն Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրամադրվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին այստեղ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նպատակով։

Հայաստանի մարզերում ծրագրավորողների համար նոր աշխատաշուկա է բացվում

Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով տվյալ հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին նախագիծը։

Կառավարությունն ընդունեց նախարարի առաջարկը` ներդրողին ավելորդ հարկերով չծանրաբերռնելու մասին։

Ինչ վերաբերում է նախատեսվող ներդրումային ծրագրին, Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ «ծրագրի շրջանակներում կառուցվող նոր կենտրոնում լինելու են լաբորատորիաներ, որտեղ իրականացվելու են Հայաստանի համար կարևոր ուղղություններով` նանոտեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, արհեստական բանականության գիտական հետազոտություններ։

Ընդ որում, լաբորատորիաները ծառայելու են բացառապես կենտրոնի գիտական հետազոտությունների համար, սակայն հայաստանյան բուհերին, նախարարի խոսքով, ևս հնարավորություն կտրվի օգտվել դրանցից, բայց որոշակի պայմանով։

Հանգիստ և լսելի տեսակապ` նույնիսկ աղմկոտ վայրում. հայ ծրագրավորողների նորույթը

«Եթե բուհերը կցանկանան ներգրավվել այս ծրագրում և այստեղ տեղափոխել իրենց լաբորատորիաները, հնարավորություն կունենան օգտվել այստեղ գոյություն ունեցող լաբորատորիաներից` պայմանով, որ այլ հետազոտողներ ևս կարողանան օգտվել իրենց լաբորատորիաներից։ Այսինքն` սա ընդհանուր ջանքերի և ենթակառուցվածքների համատեղման և ընդհանուր օգտագործման հնարավորություն է»,– ասաց Հարությունյանը։

Նոր կենտրոնում գործելու է նաև մեծահասակների կրթության համակարգ և ծրագրավորման դպրոց, որը նախատեսված է ոչ մասնագետների համար, ովքեր ցանկանում են դառնալ ծրագրավորողներ` անկախ կրթությունից ու տարիքից։

Այստեղ տեղակայվելու է նաև Ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետը։

Ծրագրով նախատեսված է, որ նոր կենտրոնը կսկսի գործել 2023թ–ի գարնանից։