ՌԱԴԻՈ

Սահմանափակումներն ուշացած են. բուքմեյքերական խաղադրույքների մեծ մասը կատարվում է օնլայն

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շահումով խաղերին և բուքմեյքերական գրասենյակների գործունեությանը վերաբերող նոր պայմաններին։
Sputnik
Սահմանափակումներն ուշացած են. բուքմեյքերական խաղադրույքների մեծ մասը կատարվում է օնլայն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմանները։ Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները,ստիպված կլինեն հրաժարվել իրենց գործունեությունից։

Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` նախորդ տարի ԱԺ–ն կատարեց օրենսդրական փոփոխություններ, որոնք առնչվում էին բուքմեյքերական գրասենյակների աշխատանքային սահմանափակումներին։ Նոր օրենքը նոր սահմանափակումներ է մտցնում` կապված գովազդի, արտաքին տեսքի, տեղակայման հեռավորության հետ, ինչը մի փոքր քայլ է այն ուղղությամբ, որպեսզի ոչ թե սահմանափակվի տոտալիզատորների գործունեությունը, այլ նվազեցվի դրանց մատչելիությունը։

Բուքմեյքերների կյանքում մինչև 2020թ.-ի նոյեմբեր ոչինչ չի փոխվի. հետո կգան դժվար ժամանակներ

«Բայց անկեղծ ասած`այն չափը, որով այսօր բուքմեյքերական ընկերությունները ծավալում են իրենց գործունեությունը, համարում եմ խիստ մտահոգիչ, իսկ այն սահմանափակումները, որոնք մենք կիրառում ենք, խաղադրույքների նվազման առումով շատ լուրջ փոփոխություն չեն առաջացնում»,– նշում է վարչապետի խորհրդականը։

Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ` սկզբում խոսվում էր բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին, բայց հետո՝ ԱԺ քննարկումների արդյունքում, ընտրվեց փոխզիջումային տարբերակ։ Ըստ նրա` այժմ առկա է մի իրավիճակ, որ նույնիսկ եթե գրասենյակների ամբողջ ծավալը վերացնենք, միևնույն է, տարեցտարի ոչ միայն այդ ոլորտը, այլև տնտեսությունն ու հատկապես սպասարկման ոլորտը գնում է դեպի օնլայն հարթակ։

Առաքելյան. «Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը»

Խաղադրույքների մասով նկատվում է, որ ավելի մեծ ծավալների շրջանառություն են ապահովում համացանցային տարբերակները։ Հետևաբար գրասենյակների՝ ոչ առցանց տիրույթում նույնիսկ ամբողջական փակումը խնդրի լուծման վրա չի ունենա այնպիսի ազդեցություն, որ խաղադրուքները նվազեն։

«Բուքմեյքերական գրասենյակների հանդեպ կիրառվող սահմանափակումները ուշացած են զուտ ժամանակային առումով, որովհետև տնտեսությունն ինքը տանում է այդ գրասենյակների փակման, ոչ արդյունավետ լինելուն»,– նշում է վարչապետի խորհրդականը։

Կառավարությունը խստացնում է շահումով խաղերի գործունեության պայմանները. մանրամասներ

Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ` խաղադրույք կատարելը կամ խաղասենյակում հայտնվելը հպարտության չափանիշ չէ, և եթե դեռահասը մտնում է բուքմեյքերական գրասենյակ, այդ մասին կարող են իմանալ։ Բայց եթե նա խաղադրույք է կատարում օնլայն հարթակում՝ գաղտնիության պայմաններում, սա արդեն խնդրահարույց է։ Ըստ նրա` սմարթֆոնների տարածումը կամ «հեռախոսային հիվանդությունն» ավելի շատ դեռահասների շրջանում է տարածված, հետևաբար IT ոլորտի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է շարունակ ձեռքը պահել զարկերակի վրա և վերահսկողությունն իրականացնել պատշաճ մակարդակով։

Հիշեցնենք, որ վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործունեության պայմաններտ վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից: