Ինչու և ինչի համար է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված առանձին ստորաբաժանման անհրաժեշտություն առաջացել, և ինչու է Ռուսաստանը պարտավոր արձագանքել արտերկրում զինվորական փառքի խորհրդանիշների պղծմանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
-Ալեքսանդր Իվանովիչ, վերջերս Քննչական կոմիտեում ստեղծվել է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժին։ Նորությունն աշխույժ քննարկումներ է առաջացրել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։ Պատմեք՝ ինչո՞վ էր պայմանավորված այդպիսի ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունը։
-Ինչպես գիտեք՝ Նյուրնբերգի ռազմական դատարանի վճիռը կարևորագույն փուլ դարձավ Երկրորդ համաշխարհայինի պատճառների գնահատման հարցում։ Բոլորը պետք է հիշեն, որ Երկրորդ համաշխարհայինի սանձազերծման և ընթացքի համար պատասխանատու գլխավոր նացիստական հանցագործների գործողությունները հանցավոր են ճանաչվել։ Այնուամենայնիվ, այսօր, շարունակական տեղեկատվական պատերազմի պայմաններում, աճում է նացիզմի ռեաբիլիտացիայի փորձերի թիվն ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ արտերկրից, նաև տեսնում ենք ֆաշիզմի դեմ հաղթանակի հարցում մեր երկրի դերի կեղծ գնահատականներ։
Արդարությունը վերականգնելու համար հարկավոր է ակտիվացնել նմանատիպ երևույթներին հակազդող գործունեությունը։ Բացի այդ, մեր հասարակության ձգտումը՝ Հայրենիքի պաշտպանների հիշատակը հարգելու և պատմական ճշմարտությունը պաշտպանելու ուղղությամբ, օրենսդրական ձևակերպում ստացավ և այժմ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։
-Ինչո՞ւմն է նմանատիպ հանցագործությունների քննության բարդությունը։
-Թվում է, թե այս հանցակազմում ամեն ինչ ակնհայտ է ու պարզ։ Բայց դա այնքան էլ այդպես չէ, պարզության հետևում առանձնահատկություններ կան։ Հանցագործության հանգամանքները պարզելիս արձանագրում ենք ոչ միայն պատմական իրադարձություններին այս կամ այն արտահայտության անհամապատասխանության փաստը։
Իմաստն այն է, որ պարզվի անձի հակաիրավական գործողությունների շարժառիթն ու նպատակաուղղվածությունը, ինչպես նաև հանցակազմի օբյեկտիվ կողմը, որն այս դեպքում կարող է արտահայտվել ԽՍՀՄ գործունեության մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելով։
Դրա հետ կապված՝ նացիզմի վերստեղծման մասին հոդվածով նախաքննության որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև մշակված քննչական փորձը քննչական կոմիտեի կառուցվածքում առանձնացված ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտություն են առաջացրել։ Բացի այդ, առանձին հետաքննվող փաստերի միջազգային բնույթը նույնպես հմտությունների և գիտելիքների կենտրոնացում է պահանջում: Մանավանդ, որ այս խնդիրը, որքան էլ ցավալի է, ավելի ու ավելի հրատապ է դառնում։
-Բայց չէ՞ որ կարող են նաև առավել բարդ հանցագործություններ լինել, որոնք պատմության խորը վերլուծություն են պահանջում։ Արդյո՞ք ձեր աշխատակիցները կկարողանան հետաքննել դրանք։
- Նոր ստորաբաժանման կազմում կընդգրկվեն քննչական կոմիտեի քննիչները, ովքեր արդեն իսկ նման հանցագործությունների քննության փորձ ունեն։ Այդ աշխատակիցները, մասնավորապես, լայն գիտելիքներ ունեն ոչ միայն իրավագիտության, միջազգային իրավունքի, այլև պատմության ոլորտներում։ Նրանք պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանների արխիվային մեծ թվով փաստաթղթեր են ուսումնասիրել՝ քննելով նացիստների հանցագործությունների վերաբերյալ այլ քրեական գործեր, անհրաժեշտության դեպքում դիմելով գիտնականների օգնությանը։
Հանցագործությունների անմիջական հետաքննությունից բացի՝ նոր ստորաբաժանումը համակարգող կենտրոնի դեր կկատարի՝ մեթոդական-վերլուծական օգնություն ցուցաբերելով տարածաշրջանային քննչական մարմիններին քրեական գործերի քննության հարցում:
-Այլ երկրներում նմանատիպ հանցագործությունների կամ նացիստական գաղափարախոսության տարածման համար քրեական հետապնդում գոյություն ունի՞։
-Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության քրեական օրենսգրքում պատասխանատվութուն է նախատեսված հակասահմանադրական կազմակերպությունների քարոզչական նյութերի տարածման համար, ընդ որում՝ մեծ պատասխանատվություն է սահմանում նյութերի տարածման համար, «որոնց բովանդակությունը կապված է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետ»:
Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ
Բելառուսի հանրապետությունում նույնպես նացիզմի ռեաբիլիտացիայի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։
Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում խրախուսվում ՍՍ ստորաբաժանումների նախկին զինծառայողների կազմակերպությունների ստեղծումը, որոնց գործունեությունը հանցավոր է ճանաչվել Նյուրնբերգի ռազմական տրիբունալի կողմից։ Ուկրաինայում դպրոցականներին տանում են ծաղիկներ դնելու նացիստների գերեզմաններին, որոնք մասնակից են եղել խաղաղ բնակչության զանգվածային սպանություններին, հերոսացնում են նրանց, ովքեր համագործակցել են հիտլերյան Գերմանիայի հետ: Եվրոպայում գլուխ են բարձրացնում ռևանշիստները և նեոնացիստները, մասնավորապես, նրանք ակտիվանում են Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում: Այդպիսի երևույթները, կարծես, դեռ չեն վախեցնում այդ երկրների իշխանություններին, սակայն հետագայում դրանք կարող են կործանարար ազդեցություն ունենալ հանրային գիտակցության վրա։