Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ելույթին և իր աջակցությունը հայտնել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր համաձայնությունն է հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` «այլևս եկեղեցիների տարածքում սեռական բռնություն չի լինի» մտքին։

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ։ Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»,–գրել նա Facebook-ի իր էջում։

Փաշինյանը հորդորել է աջակցել, միանշանակ աջակցել:

Կրթությունը` սկանդալների ոլորտ. ի՞նչ ելք է տեսնում փորձագետը ստեղծված իրավիճակից

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ` սեպտեմբերի 16–ին, Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։

Իր ելույթի ժամանակ նախարար Հարությունյանն ասաց, որ «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»,– ասաց Հարությունյանը։Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով, սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։

Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

Քրեական գործի նյութերն այս տարվա հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում:

«ՀՀ –ում դժվար է մարդ գտնել, որը կսատարի Արայիկ Հարությունյանին». ինչպես անցավ ՀԵՄ երթը

Ծառուկյանի խոսնակ Ւվետա Տոնոյանն այս հրապարակման մեջ միտում է տեսել: Տոնոյանի խոսքով՝ ավելի քան չորս տասնամյակ առաջ սարքած դատական գործն արխիվներից հանում ու տարածում են՝ առանց հիշատակելու, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել: