Ես չէի ուզում, նա ստիպեց. Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին

Արսեն Ջուլֆալակյանը հույս ունի, որ նախարարը չի հրաժարվի, քանի որ ուղիղ եթերում բանավեճը, նրա համոզմամբ, մեկընդմիշտ կփակի իր` մանդատը վայր դնելուց հրաժարվելու թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Պատգամավորական մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանը որոշել է հեռուստատեսային բանավեճի հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Այս մասին Ջուլֆալակյանը գրել է Facebook-ի իր էջում։

«Անընդունելի եմ համարում Ջուֆալակյանի քայլը. ես այդպես չէի վարվի». իմքայլական պատգամավոր

«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամուլի ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը... Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման, և այն չվերածվի քաղաքական շոուի»,– գրում է նա` հույս հայտնելով, որ Հարությունյանը կընդունի հրավերը։

Ըստ Ջուլֆալակյանի` Արայիկ Հանրությունը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները, իշխող քաղաքական թիմը պետք է լսեն իրականությունը։

«Շատ կուզեմ, որ նա բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն»,–գրել է պատգամավորը։

Կարևորը պայքարի արդյունքն է. Ջուլֆալակյանը խախտել է լռությունը

Նա վստահ է, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, որոնք կմեղադրեն իրեն չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ։

«Ես չէի ուզում, նա ստիպեց»,–հավելել է Ջուլֆալակյանը։

Նա նաև հայտնում է, որ կնախընտրի, որ բանավեճն անցկացվի որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի ԿԳՄՍ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 16-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հարցին, ասել էր, որ Ջուլֆալակյանը նախորդ ամիսներին որևէ հարց չի ուղղել իրեն կամ քննարկել ինչ–որ թեմա։

Մինչդեռ, սեպտեմբերի 9-ին կատարած գրառմամբ հայտներով մանդատը վայր դնելու իր որոշման մասին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ջուլֆալակյանը դեռ ժամանակ ունի մտափոխվելու. Միրզոյանը հայտարարություն է արել