Տոնոյանը ԿԽՄԿ հայաստանյան ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ սպայի հարցը

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։

«Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է»,- գրված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Ադրբեջանում հայտնված սպային առևանգե՞լ են. դեպքերն այլ ընթացք են ստանում

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։ Sputnik Արմենիանայցելել էր Ալավերդյանի կնոջ տուն, որը վստահեցրել էր` ամուսինը երբեք նման ցանկություն չէր հայտնի։