ՌԱԴԻՈ

Ինչով է պայմանավորված ոչխարի մսի արտահանման ծավալների աճը. մասնագետի դիտարկումը

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված ցուցանիշներին, որոնք վերաբերում են ոչխարաբուծության ոլորտին։
Sputnik
Ինչով է պայմանավորված ոչխարի մսի արտահանման ծավալների աճը. մասնագետի դիտարկումը

Աշոտ Հովհաննիսյանի դիտարկմամբ` ոչխարաբուծությունը իրոք բավականին մեծ հեռանկարներ ունի Հայաստանում, ինչը հիմնականում պայմանավորված է ոչխարի մսի պահանջարկի կտրուկ ավելացմամբ արաբական ու իսլամական այլ երկրներում։

Նախորդ տարվա համեմատ ոչխարի մսի արտահանման ծավալների աճը պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի արտահանվեց սովորականից համեմատաբար քիչ գլխաքանակ։

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

«Մեր արտահանման ներուժը տարվա կտրվածքով կազմում է 190-200 հազար գլուխ։ Ամենաբարձր ցուվցանիշը գրանցվել է 2008 թվականին, երբ արտահանվեց 186 հազար գլուխ ոչխար, հետագայում ցուցանիշները նվազեցին։ Բայց հիմա կրկին արձանագրվել է դրական միտում և առկա է արտահանման ծավալների մեծացման հնարավորություն»,– նշում է պրոֆեսորը։

Աշոտ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` Հայաստանում կան 1 միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր, որոնց նորմալ ծանրաբեռնվածության պարագայում հնարավոր է ոչխարների գլխաքանակը հասցնել մինչև 1 միլիոն 450 հազարի, այսինքն` կարող ենք գլխաքանակն ավելացնել 2,5 անգամ, և դա այն դեպքում, երբ նախորդ դարի 70-ական թվականներին նույն արոտավայրերում արածում էր մոտ 4 միլիոն ոչխար։

«Հայտնի է, որ ոչխարի անատոմիական կառուցվածքը, ատամների դասավորությունն ու սուր կճղակները նպաստում էին նրան, որ արատովայրերի բուսածածկը շարքից դուրս գար, բայց եթե մենք ներկայումս ծանրաբեռնվածությունը հասցնենք նույնիսկ 1 միլիոն 450 հազարի, ապա կշրջանցենք բնապահպանական խնդիրները և արոտավայրերը կօգտագործենք առանց լուրջ խնդիրներ առաջացնելու»,– նշում է պրոֆեսորը։

«Շան» գործ. ինչպես հա՛մ խաշլաման օգտակար լինի, հա՛մ անասնաբույժը լավ ապրի

Անդրադառնալով տվյալ ոլորտում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման խնդրին` Աշոտ Հովհաննիսյանն ընդգծում է, որ գաղափարն ինքնին լավն է, սակայն մեր ֆերմերները դրան դեռ պատրաստ չեն, բայց նրանց մեջ կարող են լինել անձինք, ովքեր կարող են իրենց ոչխարների գլխաքանակը հասցնել մի քանի հազարի, ինչը կարող է լինել կոոպերատիվի այլընտրանքային տարբերակը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում այսօր գրել էր, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է 3.4 միլիոն դոլարի շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի։