ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունն արտասովոր կերպով է շնորհավորել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 75-ամյակը։ Facebook–ում միությունը տեսանյութ է հրապարակել, որում Պետրոսյանը ինչ–որ կնոջ հետ կրակոտ պարում է։
«Ռուսաստանի հայերի միությունն անկեղծորեն շնորհավորում է Եվգենի Վահանովիչին և մաղթում երկար տարիների կյանք, անսպառ ստեղծագործական էներգիա և կենսախնդություն։ Ահա այսպիսին է մեր հոբելյարը՝ հզոր», – գրված է տեսանյութին կից։
Ավելի վաղ արտիստին հոբելյանի կապակցությամբ շնորհավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինքը` Պետրոսյանը, հոբելյանի առիթով երկրպագուներին նվեր էր մատուցել` հաստատելով որդու ծննդյան մասին երկար սպասված տեղեկությունը։
Հումորիստի իսկական ազգանունը Պետրոսյանց է։ 12 տարեկանից մշակույթի տան բեմում հանդես է եկել ինչպես առանձին համարներով, այնպես էլ պրոֆեսիոնալ արտիստների հետ։ Էստրադային բազմամթիվ համարների և ծրագրերի հեղինակ է. «Հումորի երեկո», «Առավոտյան փոստ», «Անշլագ», «Ծուռ հայելիներ», «Սմեխոպանորամա»։ Նա ավագ սերնդի սիրելին է, իսկ երիտասարդների համար՝ մեմերի հերոս։ Ակնհայտ է, որ Պետրոսյանը նոր ձևաչափ բերեց երգիծաբանության մեջ։ Նրա հումորներն ու կրկնօրինակումները դարձան բրենդ։
75-ամյա արտիստը շատ ակտիվ է ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքում։ Գործընկերոջ՝ Ելենա Ստեպանենկոյի (որի հետ ապրել էր 33 տարի) հետ աղմկահարույց բաժանումից հետո, նա 2019 թվականի վերջին ամուսնացավ իր 30-ամյա օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։