Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով

Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ բյուջեի հաշվին իրականացվում է 6 մարզերում, ևս 4 մարզերում ծրագիրը կատարվում է Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ` մինչև 2023թ–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի, Sputnik. Հայաստանյան դպրոցներում տրամադրվող տաք սնունդը համավարակի ընթացքում կարող է փոխարինվել չորով։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների համատեքստում դպրոցական ծրագիրը ժամանակավորապես դադարեցված է։

«Հիմա լուծումներ ենք փնտրում, որ ծրագիրն անպայման շարունակվի ու գոնե չոր սնունդ անպայման տրամադրենք այն երեխաներին, որոնք նախկինում ստացել են։ Այսինքն` 1-5–րդ դասարանների աշակերտներին»,– ասաց Հարությունյանը։

Որոշ դասեր այգում և երաժշտություն դասամիջոցներին. դպրոցները հարմարվում են նոր պայմաններին

Նա նաև հայտնեց, որ ծրագիրը ներկայում ՀՀ բյուջեի հաշվին իրականացվում է 6 մարզերում, ևս 4 մարզերում ծրագիրը կատարվում է Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ` մինչև 2023թ–ը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, հայաստանյան դպրոցներում ներկա պահին սննդի բաշխումն ու վաճառքն արգելված է, դպրոցական ճաշարանների աշխատանքը` դադարեցված։