ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան Ազգային ժողովի առջև շարունակվում է։
Քիչ առաջ ոստիկանները նաև բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների բերման ենթարկեցին, նրանց թվում «Կամք» հասարակական կազմակերպության նախաձեռնող Վահագն Չախալյանին։
Նրանք մեքենաները կայանել էին փողոցի երթևեկելի հատվածում, իրենց պահանջն էին բարձրախոսներով ներկայացնում, ինչից հետո էլ ոստիկանները մոտեցան, բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին և ևս մեկ քաղաքացու։
Դրանից հետո բողոքի ակցիան շարունակվեց «Արայիկ, հեռացի՛ր» պահանջով։ Չնայած դրան, ակցիայի մասնակիցները տարբեր պաստառներ ունեն՝ «Արայիկ, գրիր դիմում, փրկիր կյանքեր», «Կրթության պանդեմիա», «Արայիկ, դու չես լուսավորում, հեռացիր» և այլն։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել։ Այս պահին ԱԺ-ում շարունակվում է քննարկումը, որից հետո քվեարկություն է անցկացվելու։
Միջադեպ ԱԺ-ում. նախարարի հրաժարականի պահանջով պաստառը թույլ չեն տվել տանել դահլիճ