«Աննախադեպ ցինիզմ». ԲՀԿ–ն խոստանում է Արայիկ Հարությունյանին իրավական գնահատական տալ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հարությունյանի ելույթում կոտայքցիների հասցեին արված հայտարարությունը որակեց որպես «անձնական վիրավորանք ամբողջ մարզի բնակչության նկատմամբ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ քննարկման ժամանակ նախարարի ելույթը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն «աննախադեպ ցինիզմ» է որակում։

ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան

ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամները հայտարարեցին, որ Արայիկ Հարությունյանն իրեն ուղղված քննադատությունն ընդունելու փոխարեն անցել է մարդկային, բարոյական բոլոր սահմանները։

«Մենք մեր փաստաբանների հետ քննարկելու ենք նաև Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ Հարությունյանի ելույթում կոտայքցիների հասցեին արված հայտարարությունը որակեց որպես «անձնական վիրավորանք ամբողջ մարզի բնակչության նկատմամբ»։

«Որևէ մեկին չի հաջողվի որևէ կերպ նսեմացնել մի ամբողջ մարզի բնակչությանը»,– ասաց նա։

Արայիկ Հարությունյանը քանդում է համակարգեր՝ չառաջարկելով նորերը. Գորգիսյան

Խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ խոստացավ, որ հրաժարականի հարցի քվեարկությունից առաջ` վաղն առավոտյան, իրենք կհրապարակեն իրանց պաշտոնական դիրքորոշումը։

«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին

«Այս նախարարը միանշանակ այդ պաշտոնում անելիքներ չունի»,– հայտարարեց Էնֆիաջյանը։

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցի քննարկման ժամանակ նախարարի եզրափակիչ ելույթի որոշ կոշտ հատվածներ իրարանցում ու աղմուկ առաջացրեցին ընդդիմադիր պատգամավորների շարքերում։

«Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»,– իր ելույքում ասել էր Հարությունյանը։

«Արայիկ, հեռացի՛ր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում

Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով, սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։