Յուրի Խաչատուրովը կդառնա ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը». «Հրապարակ»

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որեւէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որեւէ փաստաթուղթ գոյություն չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, որ հանձնաժողովի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը հրապարակելուց հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»:

Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին՝ նշում է, որ քրգործի առանցքային «հերոսը», կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։

«Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որևէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որևէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որևէ պաշտոնական արձանագրություն որևէ արխիվում գոյություն չունի»,- գրում է թերթը։

«Եկել է մի փուլ, երբ դիրքերում զինվորները կրակելու հնարավորություն չեն ունեցել». Քոչարյան

Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ և ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»։

Հիշեցնենք, ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի «հյուրերից» են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա չէր ընդունել հրավերը: