Ջուլֆալակյանը նախորդ ամիսներին որևէ հարց չի ուղղել ինձ. նախարարը հստակեցում է պահանջում

Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նախորդ ամիսներին որևէ հարց չի ուղղել իրեն կամ քննարկել ինչ–որ թեմա։ Հարությունյանը նման կարծիք հայտնեց այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով Ջուլֆալակյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին։

Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ փաստաթղթեր է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Մանդատի վայր դրման գործընթացը դեռ չի ավարտվել, և գուցե այդ հարցին  կանդրադառնամ հաջորդ օրերին։ Անցած ամիսներին մենք Ջուլֆալակյանի հետ զրո քննարկում ենք ունեցել, նա կարող էր իրեն հուզող հարցերը բարձրացնել և հնարավոր է` այդ քննադատության մի մասն ընդունեինք, մյուս մասը բացատրեինք, որ չեն համապատասխանում իրականությանը»,–ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով`1-1.5 ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում է տեղի ունեցել իր հետ, և այդ ժամանակ էլ Ջուլֆալակյանն իրեն որևէ հարց չի ուղղել։ Եվ սա, ըստ նախարարի, այն դեպքում, երբ այդ հանդիպման ժամանակ հնչել են մի շարք առաջարկություններ, որոնք ինքն ընդունել է։ Հարությունյանը նշեց` Ջուլֆալակյանի ընդհանրական հայտարարությունը չի մեկնաբանելու, այլ հարց կլիներ, եթե լիներ կոնկրետացում։

Ինչ վերաբերվում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ջուլֆալակյանը խնդիրներ ուներ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ` Հարությունյանը նշեց, որ դրանք օդում պտտվող լուրեր են, որոնց նույնպես չի անդրադառնա։

Կարևորը պայքարի արդյունքն է. Ջուլֆալակյանը խախտել է լռությունը

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին,  Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: