ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահություն հայտնելու հարցը հանրության կողմից ամենաբնական պահանջն է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Այսօր Ազգային ժողովում ԼՀԿ–ն բարձրացնելու է Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը։
«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ, իսկ մշակույթի և սպորտի մասին կարելի է առհասարակ լռել։ Հարությունյանը 2 տարվա ընթացքում, բացի գիտական և մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքի ու հեգնանքի, բարեփոխումների իմիտացիայից, այլ քայլեր չեն արվել»,–ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով` այսօր ԱԺ–ում մի շարք հարցեր են ուղղելու Հարությունյանին։ ԱԺ պատգամավորը նշեց` նախկինում էլ այդ խնդիրների առնչությամբ Հարությունյանին հարցեր են ուղղել, սակայն պատասխանները գոհացուցիչ չեն եղել։
«Հայ եկեղեցու պատմության» հարցով նախարարը և կաթողիկոսը հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել
Դիտարկմանը, թե արդյո՞ք ԼՀԿ–ն Հարությունյանին հրաժարականի պահանջով վախեցնելու միտում ունի, Սամսոնյանը պատասխանեց` ԱԺ դահլիճում նստած «Իմ քայլի» 88 պատգամավորները նրան հանդուրժում են այն բանի համար, որ նա հեղափոխական առաջնորդներից մեկն է։ Այլ արժանիք, ըստ Սամսոնյանի՝ որպես նախարար Հարությունյանը չունի։
«Ես չեմ վախենում նման բաներից». նախարարը`իր հրաժարականի պահանջի մասին
Սամսոնյանի խոսքով` բոլորը գիտեն, որ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է` այդ իսկ պատճառով էլ լռում են։ Պատգամավորի կարծիքով` ՀՀ–ում ոլորտները կառավարում են մարդիկ, ում արժանիքը հեղափոխությանը մասնակից լինելը կամ քայլելն է։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր խմբեր բողոքի ակցիաներով են հանդես գալիս ու պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։