«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

Իտալական կարուսելներ, հետաքրքիր խաղային ատրակցիոններ ու խաղահրապարակ. Գյումրու երբեմնի տնակային ավանը շուտով կբարեկարգվի և կվերածվի իր տեսակի մեջ եզակի ժամանցային գոտու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Մինչ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը Գյումրիում «Բարեկամության այգին» սիրված վայր էր բնակիչների համար։ Երկրաշարժից հետո այն վերածվեց տնակային ավանի, որտեղ «հանգրվանեցին» ժամանակավոր կացարանները: Շուրջ երեք տասնամյակ անց տնակատերերը տուն ստացան, տնակները քանդվեցին, իսկ տարածքը շուտով կբարեկարգվի:

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

Վերականգնված այգին գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար կդառնա ոչ միայն հետաքրքիր ժամանցային գոտի, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ բոլոր այն երկրների համար, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքներով՝ ժյուրիի անդամներն ընտրել են 20 մասնակցի, որոնք կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին:

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

«Մասնակցությունն աննախադեպ էր՝ ստացվել էր 84 հայտ 16 երկրից: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 3 ճարտարապետական՝ փոքր, ստանդարտ և յուրօրինակ տարրեր: Այգու նախագծի մշակման գործընթացն անիմաստ կլինի առանց տեղի բնակչության ներգրավվածության»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց այգու համալիր զարգացման նախագծի ղեկավար, ճարտարապետ Մարգարիտա Ասիրյանը:

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը:

«Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների և գրավչության կենտրոն զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշեց հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

Նա շտապես ևս մեկ գաղտնիք բացահայտել․ դեռ մեկուկես տարի առաջ Գյումրի տեղափոխված իտալական կարուսել-ատրակցիոնները տեղ կգտնեն հենց այս այգում:

«Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,-հավելեց Մուրադյանը:

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

Կարուսելներ, հետաքրքիր խաղային ատրակցիոններ ու խաղահրապարակ. ծրագրի պատասխանատուները խոստանում են նաև գյումրեցի փոքրիկների առաջարկները չանտեսել։ Նրանցից 11-ամյա Ջուլյան ընկերների հետ արդեն ներկայացրել է այգու վերաբերյալ իր պատկերացումները, մյուսները պետք է շտապեն, եթե ուզում են, որ իրենց գաղափարներն էլ ներառվեն ինքնատիպ նախագծի վերջնական տարբերակում։