ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ նախարարի ելույթից ակնհայտ է, որ իշխող թիմում իրավիճակ է փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության համար խորհրդարանում պայքարի հնարավոր բոլոր գործիքները սպառվեն, չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստանը» փողոցային պայքարի դուրս գա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ նշելով, որ պատրաստ են պայքարել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով, միայն թե իրենց նպատակին հասնեն։

«Այսօր Արայիկ Հարությունյանը հետաքրքիր դիտարկում արեց՝ երբ իր քաղաքական թիմը կգտնի, որ իր վարած քաղաքականությունը ճիշտ չէ, այն ժամանակ կհեռանա։ Մինչդեռ երկուսուկես տարի առաջ ասում էր՝ երբ ժողովուրդը դժգոհություն ունենա, այն ժամանակ կհեռանան»,- հիշեցրեց Իսայանը՝ նշելով, թե սա ցույց է տալիս, որ իշխող թիմում իրավիճակ է փոխվել։

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։