Որոշ դասեր այգում և երաժշտություն դասամիջոցներին. դպրոցները հարմարվում են նոր պայմաններին

Վեց ամսվա ընդմիջումից հետո աշակերտները վերադարձան դպրոց։ Նրանք պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանել է նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Spuntik. Այս տարվա ուսումնական տարին արտառոց է ու սահմանափակումներով լի։ Դպրոցականներին շփոթեցնում է այն, որ անհրաժեշտ է որոշակի հակահամաճարակային կանոններ պահպանել։ Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները խոստացել են հետևել, որ երեխաները դիմակ դնեն և սոցիալական հեռավորություն պահպանեն։

Երևանի Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ուսուցիչները պարտադիր թեստավորվել են, իսկ աշակերտների ջերմությունը չափվելու է ամեն առավոտ։ Նրանք դասերի ընթացքում դիմակ են դնելու։ Նստարանների միջև հեռավորությունը 1,5-2 մետր է (սոցիալական հեռավորության պահպանման համար)։ Դասամիջոցներին էլ աշակերտները միջանցք դուրս չեն գա։

Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել

«Քանի որ մեր դպրոցը ներքին կապ ունի, մենք երաժշտություն կմիացնենք դասամիջոցների ժամանակ, որպեսզի երեխաները մի փոքր լիցքաթափվեն», – ասաց նա։

Հարկ է նշել, որ շատ դպրոցներում դասարանները խմբերի են բաժանվել, և դասերն անցկացվելու են օրը մեջ` շաբաթական վեց օր ռեժիմով, երեք օր յուրաքանչյուր խմբի համար։

«Հայ ասպետ» դպրոց–հիմնադրամը աշակերտներին ստիպված չեղավ խմբերի բաժանել, քանի որ այստեղ յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը։ Կրթության նախարարության ուղեցույցը նախատեսում է, որ նման դասարաններում պարապմունքներ կարելի է անցկացնել առանց ժամանակացույցում փոփոխություններ կատարելու։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Կարինե Տոնոյանը, ադմինիստրացիան փորձում է ինչ–որ դասեր անցկացնել դպրոցի բակում, որպեսզի երեխաները կարողանան մաքուր օդ շնչել։

«Մենք նկատեցինք, որ երեխաների դիմակները սահում, ընկնում են։ Եվ որպեսզի նրանք հատակից բարձրացված դիմակը չդնեն, մենք ժապավեններ ենք կապել դիմակին։ Այնպես որ եթե դիմակը նույնիսկ ընկնի, գոնե հատակին չհասնի», – պատմեց նա։

Ինչ վերաբերում է այն պահանջին, որ երեխաները ընդամենը 3 ժամ պետք է մնան դպրոցում, Տոնոյանն ընդգծեց, որ բարձր դասարանցիներին դա չի վերաբերում, այլապես իմաստ չկա ուսումնական գործընթացը վերսկսել դպրոցներում։ Իսկ ահա դասամիջոցները ստիպված են եղել կրճատել` 10 րոպեից դարձնելով 5, իսկ աշակերտները լսարանից կարող են դուրս գալ հերթականությամբ, դասը մեկ։

Դիմակներով ու նոր կանոններով. Հայաստանում հնչեց «Առաջին զանգը»

Հարկ է նշել, որ երկու դպրոցներում էլ առկա էին ախտահանիչ նյութերն ու իրականացվում էր ջերմաչափում։ Այս դպրոցներում այսօր ջերմող երեխաներ չկային։

Նշենք, որ առաջին դասարաններում տոնական դասն անցկացվեց երեկ` սեպտեմբերի 14-ին։ Այս տարի առաջին դասարան գնաց 38 հազար երեխա։ Կրթության նախարարությունն աշակերտների և ուսուցիչների համար հակահամաճարակային կանոններ է մշակել` խուսափելու համար կորոնավիրուսի տարածումից, որը, ըստ փորձագետների, անկում է ապարում։

Առանց կրթության հնարավոր է Mersedes G ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել. Փաշինյան

Հայաստանում մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այժմ երկրում կարանտին է սահմանվել, որը կտևի մինչև 2021 թվականի հունվարի 11-ը։ Հանրային վայրերում դիմակ դնելը պարտադիր է։