Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է. ի՞նչ են քննում փակ դռների հետևում

Ըստ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի` Քոչարյանի և մյուսների գործով սա կլինի վերջին դռնփակ նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը վերսկսվել է ու կրկին դռնփակ է անցկացվում։

Դատարանը սեպտեմբերի 8-ին բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` նիստը դռնփակ շարունակելու վերաբերյալ, և ըստ պաշտպանի` այսօրվա նիստը կլինի վերջին դռնփակը։

Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Լրագրողների հարցին, թե ինչ է կոնկրետ քննվում փակ դռների հետևում, պաշտպանը պատասխանեց, որ գաղտնի տեղեկություններ են հրապարակվելու։

«Գաղտնիության ռեժիմը բոլորի համար է, և ես չեմ կարող ներկայացնել, թե դատարանը ինչ է քննում։ Հրապարակվում են գաղտնի տեղեկություններ, բանկային գաղտնիքներ և այլն։ Ես կարծում եմ` այսօր կվերջանա դռնփակ քննարկման մասը»,– ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` չնայած քննարկումը դռնփակ է ընթանում, որոշումը կհրապարակվի դռնբաց։

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ

Մարտի 1-ի դատավարությունն ընդհատվել էր օգոստոսի սկզբին փաստաբաններից մեկի արձակուրդի պատճառով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները