ՌԱԴԻՈ

Ինչ պետք է անել Հայաստանում պտղաբուծությունը զարգացնելու համար

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված գյուղատնտեսական ցուցանիշներին։ 
Sputnik
Ինչ պետք է անել Հայաստանում պտղաբուծությունը զարգացնելու համար

Կորիզավոր պտուղների մշակումը Հայաստանում պետք է պարբերաբար զարգացնել` օգտվելով մեր բնակլիմայական պայմանների ընձեռած հնարավորություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Աշխարհը վերահաշվարկել է Covid-19-ի վնասները. Հայաստանի վերջին հույսը գյուղատնտեսությունն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր, օրինակ` 2020 թ.–ի հունվար– հուլիս ամիսներին գրանցվել է պտուղ–բանջարեղենի ապրանքախմբերի արտահանման աճ։

«Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հատապտուղների արտադրության զարգացմանը։ Ելակի ծավալներն այս տարի ավելացել են, արտահանումն էլ բավականաչափ լավ էր ընթանում, ինչի շնորհիվ ներքին շուկայում գները միշտ մնացին բարձր կայուն մակարդակի վրա, և նախորդ տարիների նման անկում չգրանցվեց։ Հատապտուղներ աճեցնելու բարենպաստ պայմաններ ունենք հատկապես նախալեռնային գոտիներում։ Աշխարհագրությունը պետք է մեծացնել` ներառելով ավելի բարձր տարածաշրջաններ»,– նշում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Արմավիրի մարզի «թաքուն» այգիները, կամ ինչու է պայմանագիր կնքելը ձեռնտու գյուղատնտեսներին

Նրա փոխանցմամբ` թեև հնարավորությունները բավականին մեծ են խաղողագործության ոլորտում, սակայն այդ ճյուղին պատշաճ ուշադրություն չի դարձվում, մինչդեռ կոնյակագործությունն ու գինեգործությունը միշտ բարձր արդյունք ապահովող և մեծ ներուժ ունեցող ուղղություններ են եղել։ 

«Մեր արտադրատեսակներից արտասահմանում, բնականաբար, ամենապահանջվածը շարունակում է մնալ հայկական ծիրանը, բավական մեծ է նաև կեռասի պահանջարկը։ Մեզ համար հիմա շատ կարևոր է նաև չորացված մրգերի արտադրության զարգացումն ու արտահանումը, և այս ուղղությունը նույնպես հեռանկարային է»,– նշում է գյուղատնտեսության փոխնախարարը։

Պետրոսյանը լուրջ ուշադրություն է հրավիրում նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բարձրադիր գոտիներում առկա են հրաշալի պայմաններ, արդյունաբերական արտանետումներ չկան, հողերը զերծ են ծանր մետաղներից, շատ հատվածներում կան մաքուր ջրաղբյուրներ։

Ըստ նրա` թեև դա չի կարող լինել մեծ ծավալներով, բայցևայնպես, կան ռեսուրսներ, որոնք չեն օգտագործվում, մինչդեռ եվրոպական շուկաներում օրգանիկ բնամթերքի պահանջարկը գնալով ավելի շատ է մեծանում։ 

«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից