Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ փաստաթղթեր է ներկայացրել. «Ժողովուրդ»

Արսեն Ջուլֆալակյանին ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում նա սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդիպման են հրավիրել իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ջուլֆալակյանն ամեն ձևով ապացուցել է, որ ինքը ճիշտ քայլի է դիմել, քանի որ այլ ելք չի ունեցել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» թերթը։

Կարևորը պայքարի արդյունքն է. Ջուլֆալակյանը խախտել է լռությունը

Ջուլֆալակյանը եկել է փաստաթղթերով, ներկայացրել այն հիմքերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բոլոր գրությունները արհամարհվել են, որևէ կերպ չի արձագանքել իր նամակներին, ինչի համար էլ վերջինիս դիմել է նման քայլի:

Չնայած այն բանին, որ իմքայլականները ամեն կերպ փորձել են Ջուլֆալակյանին համոզել մանդատը վայր չդնել, միևնույն է, Ջուլֆալակյանը հայտնել է, որ ինքը որոշում է կայացրել, ավելին՝ նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման հարցերում Ջուլֆալակյանը սկզբունքային է ու խորհրդարան չի վերադառնալու։

Ջուլֆալակյանը դեռ ժամանակ ունի մտափոխվելու. Միրզոյանը հայտարարություն է արել

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ հանդիպմանը Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել: Ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև Հերիքնազ Տիգրանյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը և այլք:

Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ո՞ւմ հետ տարաձայնություններ ունի Ջուլֆալակյանը. «Իմ քայլի» պատգամավորը բացում է փակագծերը