ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԶԼՄ–ներից մեկը հերթական անգամ փորձել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ Շահումյանի շրջանի Պանդալիոն հայկական մատուռը ներկայացնել որպես ալբանական։
Մասնավորապես, Oxu.az պարբերականը գրել է, որ «Գյոյգյոլի շրջանի Ենի Զոդ գյուղի Ջավադխանի բարձունքում գտնվող ալբանական եկեղեցին կործանման եզրին է»։
«Ալբանական» եկեղեցու (որը չգիտես ինչու անուն չունի) մասին հաղորդագրությանը նրանք բազմաթիվ լուսանկարներ են կցել։ Ինչպես, օրինակ, սրանք.
Էլ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում եկեղեցու դիմացի գրությամբ քարի (ինչպես ադրբեջանական ԶԼՄ–ներն են գրում` ալբանական) լուսանկարը։
Հայերեն իմացող ցանկացած մարդու համար այդ գրությունը կարդալը դժվար չէ։ Եկեք շրջենք «ալբանական» գրությունը, և այն անմիջապես հայկական կդառնա։
«Հայկ. Գ»` Հայկը ամենատարածված հայկական անձնանուններից մեկն է (որը տարբեր մեկնաբանություններով նշանակում է «Հայաստան», հին հայերենով` «հայեր», արմատն օգտագործվում է նաև Հայաստան անվան մեջ)։
Իրականում դա Ադրբեջանի կողմից բռնազավթած ԼՂՀ Շահումյանի շրջանի Ազատ գյուղում գտնվող հայկական Պանդալիոն (Պանդավանք) մատուռն է (ադրբեջանցիները գյուղը վերանվանել են «Ենի զոդ»)։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում, օրինակ, կարելի է գտնել 1856 թվականին հիմնադրված այդ եկեղեցու լուսանկարները։
Իսկ հայ ճարտարապետության և պատմության գիտակ Սամվել Կարապետյանի 1985 թվականին արված այս լուսանկարին անհրաժեշտ է ավելի ուշադիր նայել։
1896 թվականով թվագրվող հայկական մատուռի ճակատին ժամանակին վերակառուցման մասին գրություն կար («Սուրբ Պանդալիոնի մատուռը վերակառուցվել է 1956 թվականին...»)։ Իսկ կողքին (ձախից) մեզ արդեն հայտնի «Հայկ» բառով քարը։
Հին գրությունը, իհարկե, արդեն չկա, այն «պոկել են» ճակատից. ադրբեջանական լուսանկարներում դատարկ ուղղանկյուն է մատուռի մուտքի վերևում։
Ի դեպ, սա մատուռը որպես ալբանական ներկայացնելու առաջին անհաջող փորձը չէ։ Ավելի վաղ Բաքվի հեռուստատեսության «Յոլ» հաղորդման եթերում, ներկայացնելով իբրև թե ալբանական եկեղեցու մասին ռեպորտաժը, լրագրողն արհամարհական ոտքը դնում է կիսաքանդ մատուռի դիմաց ընկած վերոնշյալ գրության վրա։
Նշենք, որ այդ կողմերում ապրող հայերի շրջանում Ազատ գյուղի մատուռը մեծ հեղինակություն էր վայելում։ Այն նաև ուխտատեղի էր:
1988 թվականի տվյալներով` գյուղի բնակչության թիվը 550 էր։ Բնակիչները զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղը ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց։ Գյուղում քարաշեն եկեղեցի կար (XIII դ.), ոչ շատ հեռու` Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (XIX դ.), արևմտյան կողմում` վանքի ավերակներ։ 1990-ին ԽՍՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական Միացյալ հատուկ նշանակության ջոկատայինները գրավեցին գյուղը։ Բնակիչները տեղահանվեցին, մեծ մասը բնակություն հաստատեց ՀՀ–ում։
Նշենք, որ հունիսի 13-ին` ադրբեջանցիների կողմից հայաբնակ Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի օրը, ՀՀ ԱԳՆ–ն հայտարարությամբ հանդես եկավ, որում աջակցեց օկուպացված Շահումյանի շրջանի և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասի վերաբերյալ արցախյան իշխանությունների օրինական պահանջին։