ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում. Հանդամասում շանթահարված տղամարդու դի են հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
«Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին»,–նշված է կայքում։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի հարվածի) հետքեր։
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել
Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին նրա մասին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։