ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik.Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով` այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:
«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցրել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է մի գործընկերոջ հետ հարաբերություններ չկառուցել մյուսի հաշվին։
ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Նա Ռուսաստանի դերը հիշատակել է հատկապես անվտանգության առումով` շեշտելով, որ ՌԴ-ն ռազմաբազա ունի Հայաստանում:
Մնացականյանը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան։ Նա պնդել է, որ Հայաստանը Եվրոպայի մաս է՝ Եվրոպայի արևելյան ճակատը:
Հայաստանի հեղափոխությունը վերաբերում էր հայերին. Մնացականյանը` Բելառուսի դեպքերի մասին
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին տեղի էր ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Մնացականյանը և Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը։