ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik.Կորոնավիրուսի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շարունակում է անորոշ մնալ` պայմանավորված համավարակի հաղթահարման ժամկետների ու հնարավոր զարգացումների անորոշությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ՀՀ ԿԲ կանխատեսումները, նման դիտարկում է արել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Այս պայմաններում ԿԲ–ն կանխատեսում է, որ առաջիկա երեք ամիսներին ՀՀ ներքին պահանջարկն ու տնտեսական ակտիվությունը սպասվածից դանդաղ կվերականգնվեն։ Ուստի, հաշվի առնելով գնաճային ցածր մակարդակը, Մարտին Գալստյանի խոսքով` ԿԲ–ն շարունակելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման դրամավարկային քաղաքականությունը։
«Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` միաժամանակ գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում»,– ասաց Գալստյանը` հավելելով, որ գնաճն առաջիկայում կավելանա, բայց արդեն հաջորդ տարվա ընթացքում կկայունանա։
Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները
Նրա խոսքով` լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսության մեջ արդեն նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր։ ԿԲ նախագահը հուսով է, որ այդ ֆոնին իրականացված դրամավարկային ճիշտ քաղաքականությունը թույլ կտա որոշակի աճ ապահովել։
«Մեր գնահատմամբ` մենք 2021թ.–ին տնտեսական աճի որոշակի վերականգնում ենք ունենալու։ Սակայն նախկինում կանխատեսված V-աձև վերականգնումը տեղի չի ունենա, և, բնականաբար, քանի որ անորոշություններն այս պահին պահպանվում են, դժվար է ասել, թե վերականգնումը կոնկրետ որ փուլում տեղի կունենա»,– ասաց ԿԲ նախագահը։
Այդուհանդերձ, 2021թ–ի համար Կենտրոնական բանկն արդեն իսկ 4.5-5% տնտեսական աճ է կանխատեսում։
«Մասնավորապես` ծառայությունները, որոնք այս տարվա ընթացքում նվազել են մոտ 6%-ով, հաջորդ տարի 4.6% են աճելու, շինարարությունը -18-ից վերադառնալու է + 9%-ի, գյուղատնտեսությունը -1.1%-ից` 3.2%–ի, իսկ արդյունաբերությունը մոտավորապես 5%–ով է աճելու»,– ասաց Գալստյանը։
Այսօր`սեպտեմբերի 15-ին, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:
Համապատասխանաբար նվազեցվել են նաև ԿԲ այլ վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ Այսպես`կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 5.75%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները