Ազգային ժողովն ընտրում է ՍԴ դատավորներին. ԲՀԿ–ն չի մասնակցելու ընտրությանը

ՀՀ կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովը ներկայացրել են ՍԴ դատավորների իրենց թեկնածուներին։ ԱԺ–ն պետք է քվեարկի նրանց համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Ազգային ժողովը վերսկսեց աշխատանքները։ 7-րդ գումարման նիստերի օրակարգում ընդգրկված է 57 հարց. առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քննարկումն է։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

ՍԴ դատավորների ընտրության օրը հայտնի է, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

Քիչ անց ելույթով հանդես կգան ՍԴ դատավորների թեկնածուները, իսկ պատգամավորները նրանց հարց տալու հնարավորություն կունենան։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու ընտրությանը: «Մենք բազմիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:

Բացի այդ, օրակարգում է նաև ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից»  Մանե Թանդիլյանը վայր էր դրել մանդատը` առողջական խնդիրների պատճառով։ Խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, դատախազության բողոքը` անհիմն. Դավիթ Գրիգորյան

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ են առաջադրել ՀՀ կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։