ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի առավոտ շուտ Facebook–ի իր էջում լավ լուր է հայտնել` նշելով, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին նաև լավը կա: Նրա ներկայացրած լավ լուրը վերաբերում է արտահանման ծավալների աճին։
Ըստ վարչապետի` 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումն աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:
Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:
«Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից և ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ և արտադրում է ուղիղ այդքան»,–գրել է նա:
Վարչապետին հայտնի դարձած թվերով` նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք:
ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ
Փաշինյանը հավելել է նաև, որ ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք: