Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով` իրականում գործ ունենք հնարավոր երկու սցենարի հետ. նախ՝ ռազմաբազայի տեղակայման օգտին կազմակերպվող ներադրբեջանական ցույցերը կարող են կազմակերպված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի որոշակի լեգիտիմություն հաղորդվի թուրքական ռազմական ներկայությանը, ինչը մասնակիորեն վաղուց կա, օրինակ, Նախիջևանում։
«Երկրորդ սցենարի համաձայն` չի կարելի բացառել, որ Ադրբեջանի ներսում տասնամյակներ շարունակ ձևավորված թուրքամետ ուժերն իրենց սեփական նախաձեռնությամբ են գործում կամ ուղղորդվում են Թուրքիայից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ոսկանյանի դիտարկմամբ` ակնհայտ է, որ Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում հռետորաբանությունից որոշակիորեն փոխադրվում են գործնական տիրույթ, իսկ, օրինակ, Սիրիայում, Իրաքում, այժմ նաև արևելյան միջերկրծովյան տարածաշրջանում Թուրքիայի լկտի վարքագիծը ցույց է տալիս, որ էրդողանական վարչակարգը փորձում է իր դիրքերն ամրապնդել նաև գործնական տիրույթում, ինչը բերում է ռիսկային իրավիճակների ստեղծման։
«Նմանատիպ ռիսկերն առնչվում են նաև Հայաստանի, Արցախի ու մեր երկու դաշնակից ու բարեկամ երկրների` Իրանի և Ռուսաստանի կենսական շահերին։ Հարավային Կովկասը ՌԴ–ի ստրատեգիական խորքի կարևորագույն բաղադրիչն է, այստեղ նույնանշանակ դերակատարություն ունի նաև Իրանի Իսլամական հանրապետությունը, հետևաբար նշված երկու գերտերություններին չի կարող չմտահոգել Թուրքիայի ակտիվությունը»,– նշեց իրանագետը։
«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին
Ոսկանյանի գնահատմամբ`Իրանի հետ մեր հարաբերությունները նույնպես բարեկամականից պետք է վերաճեն դաշնակից երկրներին բնորոշ հարաբերությունների, ավելին` զարգացումները պետք է մեզ մղեն նույնիսկ եռակողմ` հայ–ռուս–իրանական գործողությունների ծրագրի մշակման, անգամ եռակողմ դաշինք ստեղծելուն, որը կհակազդի թուրքական ակտիվությանը։ Իրանագետի համոզմամբ`այդ հարցում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի լծակներն ու հնարավորությունները կարող են փոխլրացնել իրար։