Անառիկ լեռների միջով ձգվող անվերջ ոլորաններ, շնչակտուր գեղեցկությամբ ողողված տեսարաններ, մեքենաներով լի ճանապարհներ, բնակիչների հետաքրքրասեր հայացքներ, որոնք հազվադեպ են այս կողմերում հանդիպում սահմանամերձ Տավուշի մարզում։
Իսկ նման աշխուժության ու եռուզեռի առիթը Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնն է, որն այս տարի անցկացվում է հենց այստեղ՝ Բերդ քաղաքում։
Սա թվով վեցերորդ Yerevan Jazz Fest-ն է, իսկ Տավուշի մարզում ՝ գեղատեսիլ Բերդ քաղաքում, փառատոնն անցկացվում է առաջին անգամ։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը հավաքվել են դենդրոպարկում և վայելում են հաճեելի երաժշտությունը՝ ծառերի տակ կամ խոտերի վրա նստած և թարմ լեռնային օդ շնչում։
Ինչպես նշեցին փառատոնի կազմակերպիչները, հուլիսյան դեպքերից հետո այստեղ արձագանքում են ոչ թե հրետակոծության ահասարսուռ թնդյունները, այլ բարձրաճաշակ երաժշտության հոգեզմայլ հնչյունները։ Դե իսկ օդում թևածող ջազի հնչյունները և ոգևորված հանդիսատեսի ծափահարությունները նվիրվում են Հայոց բանակին և մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին։