ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի 4,8% աճ է ակնկալում: Այս մասին ասվում է ԵԱԶԲ վերլուծական դեպարտամենտի կողմից պատրաստված զեկույցում։
ԵԱԶԲ–ի վերլուծաբանները գնահատել են COVID-19–ը համավարակի ազդեցությունը Բանկի անդամ երկրների մակրոտնտեսական առանցքային ցուցանիշների դինամիկայի վրա։ Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը 2020 թվականի առաջին կիսամյակում խիստ անդրադարձել է այն երկրների ցիկլային զարգացման վրա, որտեղ գործում է ԵԱԶԲ–ն։
Բանկի անդամ երկրներում արտադրական ակտիվությունը երկրորդ եռամսյակում իր ներուժից նկատելի անկում է ապրել։
Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տնտեսական ակտիվության վրա զգալի ազդեցություն է թողել դրամական փոխանցումների ծավալների նվազումը, ինչը սպառողական ծախսերի ֆինանսավարման կարևոր աղբյուր է։ Ղրղզստանում և Տաջիկստանում աշխատանքային միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ–ի մոտ 30%–ը, Հայաստանում` շուրջ 11%–ը։
Պոտենցիալ թողարկման աճի տեմպերը 2020 թվականի առաջին կիսամյակում նվազել են ԵԱԶԲ անդամ այն երկրներում, որոնք լայնածավալ կարանտինային միջոցներ են իրականացրել։ Այսպես 2020 թվականի երկրորդ եռամսյակում ցուցանիշի նվազումը Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում նախաճգնաժամային մակարդակի համեմատ գնահատվում է մոտ 0,2–0,5%։ Պոտենցիալ աճի կրճատումը կարող է կապված լինել ձեռնարկությունների և կազմակերպությունների մի մասի փակման հետ, ներդրումային ակտիվության անկման և կորոնավիրուսի բռնկման պատճառով աճած անորոշության։
Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2020 թվականի առաջին կիսամյակում տարածաշրջանի երկրներում (որոնք լայնածավալ կարանտինային միջոցներ են կիրառել) տնտեսական աճի պոտենցիալի նվազում է գրանցվել հետճգնաժամային մակարդակներից 0,2–1%–ի չափով։
Ստացված արդյունքների համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի պոտենցիալ աճը ներկա պահին գնահատվում է մոտ 4,8%, Բելառուսինը` 1,5%, Ղազախստանինը` 2,2–2,7%, Ղրղզստանինը` 3,4–3,6%, Ռուսաստանինը` շուրջ 1%, Տաջիկստանինը` 6,9%։
Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2019 թվականի արդյունքներով աճել է 7,6%–ով։
Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը