ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ևս մի պատգամավոր շուտով մանդատը վայր կդնի. խոսքը վերաբերում է Արմեն Փամբուխչյանին: Տեղեկությունը հայտնի է դարձել «Հրապարակ» թերթին:
«Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու»,- գրում է թերթն ու հավելում, որ չհաջողվեց պարզել, թե ինչ պաշտոն:
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը մինչև պատգամավոր դառնալը մոտ մեկ տարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալն էր:
Սեպտեմբերի 9-ին, Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։
Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
Միայն նախարարն է պատճառը, թե այլ գործոններ էլ կան. Աղազարյանը՝ Ջուլֆալակյանի որոշման մասին