Այդ օրը կատարվել է 4 համակարգված, համաձայնեցված միաժամանակյա գործողություն: 19 ահաբեկիչ, որոնք կապ ունեին «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ, բաժանվել էին 4 խմբի և նույն օրը՝ գրեթե նույն ժամին առևանգել ամերիկյան 4 ուղևորատար օդանավ: Ինքնաթիռները մխրճել էին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի շենքի մեջ, ինչպես նաև հարվածել Մանհեթենի հարավում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերներին: Զոհվել է մոտ 3 հազար մարդ։
Ուղիղ 5 տարի առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Փենսիլվանիա նահանգում բացվեց մի հուշահամալիր, որի անունն անսովոր է՝ «Չվերթ թիվ 93»: Ասում եմ՝ անսովոր, բայց միանգամից էլ հասկանում եմ, որ գոնե մեզ՝ հայաստանցիներիս, համար անսովոր բան չպիտի լինի, որովհետև մենք էլ «Զվարթնոց» օդակայանի ճանապարհին ունենք հուշարձան, որը նվիրված է շատ կոնկրետ չվերթին՝ Սպիտակի երկրաշարժից հետո հարավսլավացի օդաչուները մեզ օգնություն էին հասցնում ու կործանվեցին էջմիածնի խճուղու մոտ:
Ուղղակի սեպտեմբերի 11-ին Փենսիլվանիայում կործանված ինքնաթիռի դեպքն այլ է: Նախ այն մասին, թե ինչ էին ուզում անել սեպտեմբերի 11-ին այդ ինքնաթիռն առևանգած ահաբեկիչները: Ըստ գլխավոր վարկածի՝ ուզում էին այդ ինքնաթիռը մխրճել ամերիկյան խորհրդարանի՝ Կապիտոլիումի, այսինքն` Կոնգրեսի շենքի մեջ: 100 տոկոսով հիմա իհարկե, որևէ մեկը չի կարող դա պնդել՝ մահացել են թե՛ այդ ինքնաթիռի անձնակազմի անդամները, թ՛ե մոտ 40 ուղևորները, թե՛ ահաբեկիչները: Բայց օդաչուների խցիկում տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունները վկայում են՝ խցիկ ներխուժած ահաբեկիչներն անընդհատ տալիս էին թիրախի կոդավորված անունը՝ «լոու ֆաքուլթի», այսինքն` իրավաբանական ֆակուլտետ: Շատ դժվար է պատկերացնել, որ ինքնաթիռն առևանգած և դեպի Վաշինգտոն այն ուղղած ահաբեկիչները ցանկանում էին որևէ համալսարանի հարվածել, և ուրեմն միանգամայն ճշմարտանման է թվում քննիչների առաջարկած այն վարկածը, որ խոսքը Ամերիկայի գլխավոր օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի մասին էր:
Բայց չստացվեց հարվածել պառլամենտին: Ինչու: Հենց սա է ամենահետաքրքիրը: Միանգամից ասեմ՝ այն, ինչ հիմա նկարագրում եմ, տեղի է ունեցել առավոտյան թռիչքի ընդամենը 35 րոպեների ժամանակ: Առաջին տասը րոպեներին թիվ 93 չվերթի ուղևորներն այս կամ այն կերպ արդեն տեղեկացել էին Նյու Յորքում տեղի ունեցածի մասին՝ որ երկու ինքնաթիռներ մխրճվել են Նյու Յորքի երկվորյակ երկնաքերների մեջ: Այսինքն՝ տեսնելով, որ ինչ-որ մարդիկ ներխուժում են իրենց ինքնաթիռի օդաչուների խցիկը, այս չվերթի ուղևորները հասկացան, որ իրենց օդանավն էլ առևանգվում է շատ կոնկրետ նպատակով:
Պուտինը գործընկերոջը զգուշացնում էր սեպտեմբերի 11-ի սպառնալիքի մասին. ԿՀՎ նախկին վերլուծաբան
Անծանոթ մարդիկ սկսեցին շփվել միմյանց հետ, համախմբվեցին ու ի վերջո որոշում կայացրեցին՝ պետք է գործել: Նրանք ունեցան առաջնորդ՝ ուղևորներից մեկը՝ Թոդ Բիմերը կոչ հնչեցրեց. «Գնացինք», և ուղևորները մի քանի հոգով նետվեցին դեպի օդաչուների խցիկը, որը գրավել էին ահաբեկիչները: Թե ինչ կատարվեց հետո՝ 100 տոկոսանոց հավանականությամբ որևէ մեկը մինչև հիմա չի կարող ասել: Քննիչների պաշտոնական եզրակացությունը սա է՝ ահաբեկիչները, հանդիպելով ուղևորների անսպասելի դիմադրությանը, ենթադրաբար որոշել են հրաժարվել իրենց նախնական նպատակից՝ Կոնգրեսի շենքին հարվածելուց և ինքնաթիռը ուղղել են ներքև՝ դեպի գետին:
Ողբերգություն է տեղի ունեցել: Բայց նաև հերոսություն: Կարելի է ասել՝ քաղաքացիական հերոսություն: Այսինքն՝ առնվազն ոչ բոլոր դեպքերում են արդարացված մեր հավերժական տրտունջները՝ ինչ կարող է անել հասարակ մարդը, շարքային քաղաքացին: Շարքային քաղաքացիները ամենածանր պահին կարող են համախմբվել ընդհանուր արժեքների շուրջ:
Մի ժամանակ, երբ ամերիկացիները մշակում էին իրենց Սահմանադրությունը, այդ Սահմանադրության հայրերից մեկին՝ Բենջամին Ֆրանկլինին, հարց ուղղեցին. «Հիմա ըստ ձեր առաջարկած Սահմանադրության մենք ինչ կունենանք՝ նորմալ հանրապետությո՞ւն, թե՞ բռնապետություն»: Հարցի իմաստը երևի հասկանալի է՝ ամերիկացիներն ունեն հստակ ընդգծված նախագահական համակարգ, որը շատ քիչ երկրներում է գործում: Այսինքն` մտավախությունը հասկանալի էր: Եվ Բենջամին Ֆրանկլինը պատասխանեց. «Մենք կարող ենք ունենալ նորմալ, ժողովրդավարական հանրապետություն, կարող ենք ունենալ նաև բռնապետություն՝ նայած, թե ինչ կցանկանանք բոլորս»:
Ավելի քան երկու դար առաջ է ասված, բայց, համաձայնեք, լավ է ասված՝ նայած թե ինչ կցանկանանք բոլորս։