ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Քրեական հեղինակություն համարվող «Նորատուսցի Արան» (Արա Բանդուրյանը) բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
«Նորատուսցի Արա Բանդուրյանը ոստիկանություն բերման է ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով։ Նյութեր են նախապատրաստվում»,–ասացին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Հայաստանում ձերբակալվել էին «օրենքով գողեր» Գևորգ Մելիքյանը (ավելի շատ հայտնի է որպես Օշականցի Գևորիկ) և Անդրանիկ Սողոյանը (ավելի շատ հայտնի է որպես Զապ):
Այս տարվա հունվարի 22-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ուղղված են հանցավոր աշխարհի դեմ պայքարին: Օրենքի համաձայն ՝ քրեական խմբավորման (բանդայի) ստեղծումը կպատժվի 5-10 տարվա ազատազրկմամբ։ Պատիժն ուժեղանում է, եթե խմբավորումը ստեղծի քրեական աշխարհի անձը (օրենքով գող, կամ քրեական հեղինակություն), զինված ուժերի և ուժային այլ կառույցների ծառայողը, կամ պետական պաշտոնյան: