Ցուկինին դդմիկի տեսակ է։ Երկուսն էլ պատկանում են դդմազգիների ընտանիքին։ Դդմիկը Եվրոպա են բերել Ամերիկայից մի քանի դար առաջ, իսկ ցուկինին ստացել են իտալացի սելեկցիոներները։
Դդմիկը սովորաբար սպիտակ կամ դեղին է լինում։ Իսկ ցուկինին հաճախ կանաչ կեղև է ունենում, երբեմն նաև սև ու դեղին։ Այս երկու տեսակները տարբերվում են նաև նրանով, որ ցուկինիի միջուկն ավելի նուրբ ու փափուկ է, այն կարելի է օգտագործել հում վիճակում աղցանների մեջ կամ որպես նախուտեստ։ Իսկ դդմիկն ավելի պինդ է, և նախընտրելի է շոգեխաշել կամ եփել։
Ե՛վ դդմիկը, և՛ ցուկինին ցածր կալորիականություն ունեն։ Դդմիկն ընդամենը 27 կկալ է պարունակում, իսկ ցուկինին` 16-ից պակաս։ Դրանց օգտագործումը հիանալի է տարբեր դիետաների ժամանակ։
Ցուկինիի օգնությամբ կարելի է կարգավորել մարսողությունը, օրգանիզմից դուրս բերել բոլոր վնասակար և ծանր մետաղները, օրգանիզմը հարստացնել վիտամիններով, կարգավորել լյարդի և երիկամների աշխատանքը։ Ցուկինին օգտակար է նաև խոլեստերինից ազատվելու, արյունը մաքրելու, տրամադրությունը բարձրացնելու, իմունիտետն ամրացնելու և հոգնածությունը հանելու համար։
Sputnik Արմենիան առանձնացրել է այս մթերքով պատրաստվող ամենատարածված, արագ պատրաստվող, հագեցնող և ախորժելի բաղադրատոմսերը։
Տապակած ցուկինի
Այս հեշտ բաղադրատոմսը հաստատ կուրախացնի Ձեր հյուրերին։ Ցուկինին ջեռոցում պատրաստելու համար, սկզբում անհրաժեշտ է այն մեջտեղից կիսել, այնուհետև հանել միջուկն ու մանր կտրտել։ Կտրտած միջուկին անհրաժեշտ է ավելացնել լոլիկ, պանիր, խոզապուխտ և սոխ։ Նախքան ցուկինին ստացված խառնուրդով լցոնելը, երկու կես արած բանջարեղենի վրա պետք է ձիթայուղ քսել։ Ուտեստը հարկավոր է ջեռոցում եփել 15-20 րոպե։
Ցուկինի սխտորի սոուսով
Սխտորի սոուսով ցուկինին հիանալի նախուտեստ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Այս ուտեստի առանձնահատկությունը սխտորի սոուսն է։
Ուտեստը պատրաստելու համար մեզ հարկավոր կլինի ցուկինի, աղ, սև պղպեղ, բուսայուղ, ալյուր, ինչպես նաև սխտոր, շաքարավազ և քացախ։
Պատրաստի ուտեստի վրա կարելի է կանաչի ավելացնել, և այն ոչ միայն համեղ, այլև շատ ախորժելի կլինի։
Ցուկինիով զապեկանկա
Ցուկինիով հյութալի զապեկանկան հիանալի ճաշ կամ ընթրիք է ինչպես տարվա շոգ, այնպես էլ ցուրտ եղանակին։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ ցուկինի, ձու, կաթ, ձիթայուղ, մաղադանոս, պղպեղ, ռեհան, պրովանսյան կանաչեղեն, սխտոր, պանիր, ալյուր և չերրի լոլիկներ։ Համեղ և գեղեցիկ ուտեստը ոչ ոքի անտարբեր չի թողնի։
Ցուկինիով նրբաբլիթներ
Սա շատ պարզ և արագ պատրաստվող ուտեստ է, որը կուրախացնի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Այն պատրաստելուց առաջ անհրաժեշտ է ունենալ ցուկինի, ձու, ալյուր, կանաչի, սխտոր, աղ և պղպեղ։
Քանի որ այն բավական թեթև ուտեստ է, կարելի է պատրաստել ընթրիքի համար։
Կրեմ–ապուր ցուկինիով
Համեղ և հագեցած կրեմ–ապուրը ոչ միայն կհագեցնի, այլև կբարձրացնի Ձեր տրամադրությունը։
Այն պատրաստելու համար ցուկինիից բացի անհրաժեշտ է միջին չափի սոխ, սամիթ, բուսայուղ, կարագ, սերուցք և բոված սպիտակ հացի կտորներ։
Ներկայացված բաղադրատոմսերը ցանկացած տանտիրուհու կօգնեն ընտրել առավել հարմար և «համեղ» տարբերակը։