Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված

Զորավարժությունները կանցկացվեն «Բաղրամյան» զորավարժարանում` ներգրավելով ՀԱՊԿ անդամ պետությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Սեպտեմբեր — Sputnik. Հոկտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Որոնում 2020» և «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Ինչպես Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ մամուլի  խոսնակ Շուշան Ստեփանյանը, դրանք փոխկապակցված, պլանային միջոցառումներ են, զորքերի ներգրավում նախատեսված չէ:

Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը

««Որոնում 2020»-ը նախատեսված է անցկացնել հոկտեմբերին 23-25-ը ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կառավարման հետախուզական մարմինների ներգրավմամբ: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է կատարելագործել ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների կիրառման խնդիրները»,–ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով` «Փոխգործակցություն-2020» համատեղ զորավարժությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-30-ը, կկազմավորվեն հրամանատարական կառվարման մարմիններ, որոնք վարժանքների ընթացքում կմշակեն օպերացիայի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր:

Զորավարժությունները կանցկացվեն «Բաղրամյան» զորավարժարանում` ներգրավելով ՀԱՊԿ անդամ պետությունները:

Մասնակիցները նախապես կթեստավորվեն իրենց երկրներում:Ախտանիշների դեպքում համապատասխան հետազոտություն կանցնեն նաև Հայաստանում: ՀՀ ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանում խստիվ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: