Միքայել Մելքումյանը ՌԴ մեկնել ցանկացող հայերի հարցով դիմել է Լեոնիդ Կալաշնիկովին

ԲՀԿ–ական պատգամավորը ՌԴ իր գործընկերոջը խնդրել է աջակցել խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի կառավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նամակով դիմել է ՌԴ Պետական դումայի գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին` Ռուսաստան մեկնել ցանկացող հայերի հարցով։ Մելքումյանը այդ մասին գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

«Ուզում եմ Ռուսաստան գնալ». ակցիան շարունակվում է, բայց կոչ են անում չքաղաքականացնել այն

«Ամիսներ շարունակ Ռուսաստանում ապրող և աշխատող ՀՀ մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան և միանալ իրենց ընտանիքներին և հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Պետությունը չպետք է անտարբեր գտնվի և անտեսի այս խնդրի հրատապ լուծումը: Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի կառավարությանը»,–գրել է նա։

Պատգամավորը հույս է հայտնել, որ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ։

ԱԳ նախարարից մինչև պատկան մարմիններ. Էնֆիաջյանը խոստանում է ՌԴ քաղաքացիների խնդրով զբաղվել

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Երևանում` ՀՀ կառավարության շենքի դիմաց, «Ուզում եմ Ռուսաստան գնալ» խորագրով բողոքի ակցիաներ են անցկացվում։ Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունների հետ բանակցել ու Հայաստանի հետ ցամաքային և օդային սահմանները բացել։

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարել է մարտից` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այժմ կազմակերպվում են միայն հատուկ չվերթեր` Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստան վերադարձնելու նպատակով։

ՌԴ քաղաքացիներին հաջողվել է Վրաստանի տարածքով տուն վերադառնալ