ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. ԱՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանրապետությունում արտակարգ իրավիճակը ևս մեկ ամսով երկարաձգվել է։ Համապատասխան որոշումը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, 2020 թվականի սեպտեմբերի 11–ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:
3 ռեանիմոբիլ և ոչ միայն. Հայաստանն Արցախին շտապօգնության ավտոմեքենաներ նվիրեց
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ից Արցախի Հանրապետություն մուտքի և ելքի սահմանափակումները հանվել են: Այժմ հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվել է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափում է և իրականացնում արտաքին զննություն: