ԱՊՀ երկրներում կստուգեն ՀՕՊ համակարգերի մարտունակությունը. մանրամասներ

Վարժանքին մասնակցում են 60-ից ավելի ինքնաթիռներ, ներառյալ Տու-22 և Տու-160, գործարկված են 130 հրամանատարական կետեր ԱՊՀ երկրների տարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Անկախ Պետությունների Համագործակցության  (ԱՊՀ)  յոթ երկրներ այսօր մեկնարկած վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական պատրաստվածությունը:

ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը հաղորդում է, որ կմշակվի ԱՊՀ պետությունների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ ՀՕՊ ուժերի կիրառումը:

Մարզմանը մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: ՀՕՊ միավորված համակարգը ղեկավարում է Մոսկվայում ՌԴ Օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնը:

«Վարժանքի շրջանակում կմշակվեն Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կիրառումը օդային տարածքի օգտագործման կանոնները խախտող, ԱՊՀ-ի մասնակից պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի, առևանգվող օդանավերի նկատմամբ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցուցաբերելու հարցերը»,-մանրամասնել են պաշտպանության գերատեսչությունում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների անցկացման ընթացքում կներգրավվեն յոթ երկրների տարածքում տեղակայված ավելի քան 130 հրամանատարական կետեր, ինչպես նաև ավելի քան 60 ինքնաթիռ: Զորավարժություններին մասնակցում են Су-27е, МиГ-29, МиГ-31 և Як-130 կործանիչներ, Су-24 և Су-34 ճակատային ռմբակոծիչներ, Су-25 գրոհային ինքնաթիռներ, Ту-22, Ту-160 ծանր ռմբակոծիչներ:

Հայաստանում հայ և ռուս օդաչուները մշակել են գիշերային ժամերին զորքերի քողարկումը

Ինքնաթիռների անձնակազմերը զորավարժության մասնակից բոլոր երկրների օդային տարածքում փոխադարձ վարժանքներ կանցկացնեն: