ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի մի մասն անցկացնում է արտերկրում։ Նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ նա Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարներին: Նախարար Ուենդի Մորթնը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Միացյալ Թագավորությունը նախատեսում է հյուրընկալել Կլիմայի փոփոխության 26-րդ գագաթնաժողովը (COP26), որին ակնկալվում է նաև Հայաստանի մասնակցությունը: Նախարարը հետաքրքրվել է կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներով, ինչին ի պատասխան նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն անձամբ «կանաչ» մոտեցման կողմնակից է և մշտապես կարևորել ու կարևորում է բնապահպանությունը: Հայաստանի նախագահն այդ համատեքստում խոսել է Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարի մասին, որն ուղղված է լինելու նաև Երևանի կանաչ տարածքների ավելացմանը։
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև նախագահական մի շարք այլ նախաձեռնություններ, այդ թվում՝ ATOM (Advanced Tomorrow)-ն։ Նա ընդգծել է, որ այս նախաձեռնության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Նա տեղեկացրել է, որ համագործակցելու նախնական համաձայնություն է ձեռքբերվել աշխարհի մի շարք խոշոր ընկերությունների, նաև համալսարանների ու գիտական կենտրոնների հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև բրիտանական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:
Հաճախակի այցելենք Գյումրի. Արմեն Սարգսյանը շնորհավորել է քաղաքի տոնը
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում հաջորդ տարի նախատեսվող STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Նա նախարար Մորթնին հրավիրել է մասնակցելու այդ միջոցառումներին։