Լիբանանի մայրաքաղաքում դարձյալ հրդեհ է. նախկին պայթյունի վայրում անվադողեր, նավթ է այրվում

Նախնական տվյալներով` հրդեհված պահեստում նաև մեծ քանակությամբ նավթ կա։ Կրակի ու ծխի սյունը տեսանելի է նավահանգստի տարածքից շուրջ 3 կմ հեռավորությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստների տարածքում դարձյալ հրդեհ է բռնկվել։

Կրակի ու ծխի սյունը տեսանելի է նավահանգստի տարածքից շուրջ 3 կմ հեռավորությունից։

Լիբանանյան Կարմիր Խաչի գլխավոր տնօրենն OTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ սև, խիտ ծուխը Բեյրութի վրա նավահանգստում տեղի ունեցած հրդեհման հետևանք է։

Ողբերգությունից մեկ ամիս անց ինչ տեսք ունի Բեյրութը. տեսանյութ

Լիբանանյան ԶԼՄ–ները հայտնում են, որ հրդեհը դարձյալ բռնկվել է նախկին հզոր պայթյունի տեղում` նավահանգստի Duty Free–ի պահեստների տարածքում։ Նախնական տվյալներով` հրդեհված պահեստում նաև մեծ քանակությամբ նավթ կա։

Դեպքի վայրում ներկա պահին աշխատում են հրշեջների ու զինվորականների խմբերը։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։

Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է

Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։