Հնարավոր է` սեպտեմբերի կեսերին Հայաստանի կանոնավոր չվերթերը վերականգնվեն. ՀՀ վարչապետ

Կանոնավոր չվերթերի վերականգնման հարցն առաջիկայում քննարկվելու է ԵԱՏՄ երկրների շրջանկներում։ Նախատեսվում է միասնական կանոնների սահմանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Մի քանի օրից` սեպտեմբերի կեսերին, Հայաստանի հետ կանոնավոր չվերթերը կարող են վերականգնվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստանից մեկնել ցանկացողների դժգոհություններին։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են վերականգնել կանոնավոր ավիաչվերթերը դեպի Հայաստան»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր տեղեկություններով` դրանք շուրջ 2 տասնյակ են։

Վարչապետը նշեց նաև, որ նոր կարգավորումներ են մշակվել նաև Հայաստան ժամանող օտարերկրացիների համար։ Նրանք այլևս պարտավոր չեն լինի 2 շաբաթ ինքնամեկուսանալ։ Փոխարենը կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել ու բացասական պատասխանի դեպքում ազատվել կարանտինում գտնվելու պարտավորությունից։

Բողոքի ակցիա՝ Փաշինյանի և Պուտինի լուսանկարով.ՀՀ մի խումբ քաղաքացիներ ուզում են ՌԴ մեկնել

ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանն իրենց խոսքում շեշտեցին, որ Հայաստանն իր սահմանը չի փակել որևէ երկրի հետ։

Այն, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում այլ երկրներ մեկնել, ոչ թե ՀՀ–ի այլ ուրիշ երկրների իշխանությունների որոշումն է։

«Բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկման, և մենք առնվազն կկարողանանք սահմանել այն կանոնները, որոնք սիմետրիկ կգործեն ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Եթե նույնիսկ հնարավոր չլինի շատ մոտ ժամանակներում բացել կանոնավոր փոխադրումները, ապա միասնական կանոն կսահմանվի, և հարցի մեջ պարզություն կմտնի»,– ասաց Գրիգորյանը։ 

Փաշինյանը նշեց նաև, որ կորոնավիրուսի հետևանքով տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների միջև նվազել է ոչ միայն ուղևորափոխադրումների, այլև ապրանքաշրջանառության ծավալը։ Իրավիճակը շտկելու համար ԵԱՏՄ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգում քննարկվելու է նաև այս հարցը։

ՀՀ կառավարությունը որոշեց նորից երկարացնել արտակարգ դրության ժամկետը

«Կարծում ենք` արդեն համաճարակային իրավիճակն ու ընկալումները հնարավորություն են տալիս, որ մենք առաջիկայում ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե երբ ու ինչ ժամանակացույցով ենք դուրս գալու այս իրավիճակից»,– ասաց Փաշինյանը։

Ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարող. Ալեն Սիմոնյանը` ՌԴ մեկնել ցանկացողներին

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում։

Ո՛չ թեստի պատասխան են ուզում, ո՛չ մեկուսացնում. Ուկրաինան Հայաստանի համար բացել է սահմանը

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։