ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik.Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անտառային տնտեսության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, այլ պաշտոնատար անձանց կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումներ կատարելու բազմաթիվ դեպքեր։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքար» անտառտնտեսության «Գետաշեն» անտառպետության անտառապետ Վ. Փ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է ապօրինի ծառահատումներ:
Նա Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի մի շարք քաղաքացիների կողմից կատարված ապօրինի ծառահատումների դիմաց նրանցից որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նախնական համաձայնության գալով իրեն ենթակա անտառապահների հետ, անտառապետն ինչպես անձամբ, այնպես էլ անտառապահների միջոցով մի շարք անձանց թույլատրել է անտառպետությունից կատարել ապօրինի ծառահատումներ։
Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու, կանխելու ուղղությամբ:
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Անտառային կոմիտեից` նշելով, որ պաշոնյան աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արուսյակ Սիրադեղյանին։