Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Այստեղ մեծ և ժամանակակից ֆերմա կկառուցեն, որը կօգնի ընդլայնել հանրապետությունում ճագարի դիետիկ մսի արտադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան․ Այգեպար գյուղում՝ Ադրբեջանի սահմանին, պատրաստվում են նոր արտադրություն սկսել։ Կարճ ժամանակ հետո աահմանամերձ համայնքում ճագար կբուծեն և թարմ միս կարտադրեն։ Երկրում արդեն մի քանի ֆերմա կա, բայց խանութներում և առավել ևս սուպերմարկետներում ճագարի միս գրեթե անհնար է գտնել։

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Ֆերմեր Դավիթ Դավթյանը վստահ է՝ Այգեպարը կդառնա արդյունաբերական նոր կենտրոն։ Նա արդեն ոչինչից նոր բան ստեղծելու փորձառություն ունի։ Տարիներ առաջ նրա ընտանիքը ծնեբեկ էր աճեցնում Գորիսից ոչ հեռու գտնվող Տեղ գյուղում՝ Զանգեզուրի լեռներում։ Նրանք առաջինն էին, որ սկսեցին ծնեբեկ արտահանել Հայաստանից, ընդ որում՝ օրգանիկ սննդի հավաստագրով։

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Երբ էկոնոմիկայի նախարարությունը սկսեց համակարգել գյուղատնտեսությունը, Դավթյանին հրավիրեցին իբրև նախարարի խորհրդական։ Բայց վերջերս նա հրաժարվեց այդ պաշտոնից։ Այժմ Այգեպարի բնակիչների հետ վերակառուցում է երբեմնի լքված շինությունը, որտեղ պետք է զբաղվեն ճագարաբուծությամբ։ Դավիթն այստեղ կտեղափոխի իր ունեցած ճագարի գլխաքանակը, որը բուծել է վերջին չորս տարում։

«Մենք Հայաստանի կլիմայական պայմաններին հարմարված ցեղատեսակներ ունենք։ Կարելի է վստահ լինել, որ գյուղացիները բավականաչափ եկամուտ կստանան»,-ասաց Դավթյանը։

Այգեպարում հողի հույսին չես ապրի․այստեղ հող պարզապես չկա։ Բոլոր դաշտերն ու այգիները մնացել են հակառակորդի կրակահերթի տակ։ Բնականաբար, ոռոգման ջուր ևս չկա։ Գրեթե բոլոր տղամարդիկ կա՛մ պայմանագրային զինծառայողներ են հենց այստեղ՝ սահմանին, կա՛մ ԱԻՆ-ի փրկարարներ։

«Այդ պատճառով մենք փորձում ենք այնպիսի զբաղվածություն ապահովել, որի համար շատ հող հարկավոր չէ։ Ճագարաբուծությունը հենց այդպիսի տարբերակ է»,-հավելեց Դավթյանը։

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Նախագիծը իրականացվում է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ, որը գործում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Դավիթը ստանձնել է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատվությունը։

«Մենք ուզում ենք նաև բիոհումուս և ճագարի կեր արտադրել։ Դրանով արդեն կարող են զբաղվել հարևան գյուղերը, որտեղ ազատ հող կա։ Այդպես նոր աշխատատեղեր կբացվեն»- մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի ներկայացուցիչ Սևան Ամիրյանցը։

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Այգեպարի այն շենքում, որտեղ գաղափարը միս ու արյուն կստանա, խորհրդային տարիներին ծխախոտ են պատրաստել։ Վերջին 30 տարում շենքի պատերին գնդակների և ռումբերի բազմաթիվ հետքեր են հայտնվել։Նորոգման ընթացքում այստեղ նոր պատուհան տեղադրելիս էլ հակառակորդը կրակ բացեց այդ ուղղությամբ։

Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում

«Բայց չէ՞ որ մարդիկ այստեղ ապրում են։ Նշանակում է, որ անգամ այսպիսի՝ զրոյական ռեսուրսներով, անհող ու անջուր միջավայրում կարելի է կյանքը բարեկեցիկ դարձնել։ Իսկ եթե դա հնարավոր է այստեղ, ապա Հայաստանի մյուս շրջաններում՝ միանգամայն հնարավոր է»- վստահեցնում է Դավթյանը։

Շենքի վերականգման և ճագարների համար նախատեսված վանդակների տեղադրման աշխատանքներն ավարտական փուլում են․ դրանք իրականացվում են դիրքերում հերթափոխը հանձնելուց հետո։

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Ընդ որում՝ նրանք չեն ուզում, որ իրենց ապրանքը գնեն խղճահարությունից դրդված։ Ամեն ինչ կանեն, որ միսը որակապես չզիջի «եվրոպականին»։ Դավիթն արդեն նրանց վարակել է այդ գաղափարով։ Շինաշխատանքների ընթացքին զուգահեռ նա ապագա աշխատակիցներին սովորեցնում է՝ ինչպես ճագարներին ճիշտ խնամել ու պատվաստել։ Տարածքում նաև օդափոխություն մասին են հոգացել․ դրենաժ են տեղադրում։

«Առաջինը տղերքի կենացն ենք խմել». ի՞նչ են պատմում հրետակոծված Այգեպարի բնակիչները

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Հայաստանում ընդունված չէ ամենօրյա սննդակարգում ճագարի միս օգտագործել։ Կենտրոնն արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանի բնակիչների սննդակարգի մոնիթորինգ և վերլուծություն է իրականացնում։ Եթե անգամ ուտում են, ապա միայն քաղաքից դուրս գնալիս կամ հանգստի ժամանակ, իբրև «հատուկ ճաշատեսակ»։ Անգամ դիաբետով հիվանդները այն գրեթե չեն ներառում իրենց սննդակարգում։

«Դա չի նշանակում, որ նրանք չեն հետևում իրենց սննդակարգին։ Օրինակ՝ հնդկաձավար սովորականից շատ են օգտագործում, իսկ ճագարի միս, չգիտես՝ ինչու չեն ուտում»,- ընդգծեց Պիպոյանը։

Միաժամանակ Դավթյանը նկատում է, որ այնուամենայնիվ կան ֆերմերներ, որոնք միս ունեն, բայց չեն կարողանում այն իրացնել։ Այսինքն՝ առանձին ֆերմաներ կան, իսկ ճագարաբուծությունը զարգացած չէ։ Բայց շուտով այն կստեղծվի և ճանաչելի կդառնա «Made in Aygepar» ապրանքանիշով։

Իսկ ո՞վ է լինելու այդ արտադրության և բրենդի սեփականատերը։ Պատասխանը պարզ է՝ նրանք, ովքեր կաշխատեն։ «Փարոսը» աստիճանաբար սեփականության իրավունքը կփոխանցի ֆերմայի աշխատակիցներին, երբ նրանք լիովին կտիրապետեն իրենց գործին։

«Աստված մեր սահմաններին խաղաղություն տա, մնացածից գլուխ կհանենք»,- եզրափակեց Դավիթը։

Երբ գործը հունի մեջ ընկնի, Դավթյանը կվերադառնա ընտանեկան ֆերմա, հայրենի Զանգեզուր։ Բայց Այգեպարից, իհարկե, չի բաժանվի։