Ո՞ւմ հետ տարաձայնություններ ունի Ջուլֆալակյանը. «Իմ քայլի» պատգամավորը բացում է փակագծերը

«Իմ քայլի» պատգամավորը վստահեցնում է` Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանի հետ ակնհայտ խնդիրներ չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էր, որը համակարգում է սպորտը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով երեկ Ջուլֆալակյանի արած հայտարարությանն ու պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը։

Ջուլֆալակյանը դեռ ժամանակ ունի մտափոխվելու. Միրզոյանը հայտարարություն է արել

Երեկ Ջուլֆալակյանը հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու համար։ 

«Կրթության հանձնաժողովը տարաձայնություններ ունեցել է նախարարության հետ, այդ թվում` սպորտի բնագավառում։ Շատ գնահատելով Ջուլֆալակյանի մասնագիտական որակները` ափսոսում եմ, որ չի շարունակելու մեզ հետ, քանի որ այն, ինչը կարող էր անել սպորտի ոլորտում, ես կամ գործընկերներս չեն կարող»,–ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` ակնհայտ խնդիրներ, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանի հետ Ջուլֆալակյանը չի ունեցել. միգուցե ներքին խնդիրներ են եղել, որոնք Ջուլֆալակյանն ի ցույց չի դրել նիստերի ժամանակ։

Հարցին, թե հնարավո՞ր է այլ պատգամավորներ էլ հրաժարական տան, Հովսեփյանը հայտնեց` անգամ Ջուլֆալակյանի հրաժարականն է անակնկալ եղել իր համար։ Պատգամավորը նշեց` գիտեր, որ ոչ կոմֆորտ իրավիճակ է Ջուլֆալակյանի համար, սակայն, որ նման կտրուկ հանգուցալուծում կլինի, չէր սպասում։

Հովսեփյանը նշեց նաև, որ պատրաստ է հրապարակավ էլ խնդրել, որ Ջուլֆալակյանը իր որոշումից հետ կանգնի և դիմումը հետ վերցնի, որպեսզի կրթության հանձնաժողովի ամուր թիմը, որի մասն էր նա, շարունակի իր աշխատանքը։

Հիշեցնենք՝ Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ըստ Ջուլֆալակյանի՝ հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի ինքը հարկ չի համարում առավել մանրամասնել։

Ջուլֆալակյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018–ին։