«Իմ քայլում» կան մարդիկ, որոնք կրթության չափորոշիչները բացասական են գնահատում. Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը վստահեցնում է, որ կրթության չափորոշիչների քննարկման առնչությամբ ստեղծված հանձնաժողովը պահանջելու է, որ իրենց առաջարկած փոփոխությունները կյանքի կոչվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության անդամները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կրթության չափորոշիչներին, բացասաբար են գնահատում դրանք։ Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը`պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպե՞ս են խմբակցությունում վերաբերվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը` հաշվի առնելով վերջին ամիսների աշխատանքը։

Որևէ բան մեզ չի շեղելու. Փաշինյանն արձագանքել է կրթական նոր չափորոշիչները քննադատողներին

Արդեն հայտնել ենք, որ կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել։ Այն մեծ աղմուկ բարձրացրեց, և արդեն բավական ժամանակ է` պարբերաբար բողոքի ակցիաներ են լինում նախարարի հրաժարականի պահանջով։

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ խնդիրները որքան էլ կապված են Արայիկ Հարությունյանի գործունեության հետ, այդքան էլ կապված չեն։ Այսինքն` հանձնաժողովները հաճախ ոչ պատշաճ աշխատելով են նման խնդիրներ առաջացնում»,–ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` առկա խնդիրների մասին բոլորն էլ գիտեն, սակայն փորձում են լուծել դրանք համագործակցելով։

Որևէ բան մեզ չի շեղելու. Փաշինյանն արձագանքել է կրթական նոր չափորոշիչները քննադատողներին

Հովսեփյանը նշեց, որ հանրակրթության պետական չափորոշիչների առնչությամբ հանձնաժողով է ստեղծվել, քննարկումներ են գնում։ Պատգամավորն ասաց` չափորոշիչներին առնչվող բոլոր առաջարկները մասնագետների հետ են քննարկել` հանձնաժողովը միանձնյա որոշում չի կայացրել։

«Մենք պահանջելու ենք, որ դրանք անցնեն։ Արդեն իսկ դրանց առնչությամբ նախնական համաձայնություն ունենք, թե ինչ կլինի հետագայում, ապագան ցույց կտա»,–ընդգծեց Հովսեփյանը։

Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն

Հիշեցնենք՝ ըստ ԿԳՄՍ նախագծի՝ նախատեսվում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար լեզուների ժամերի համադրության մասին։ Բացի այդ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենը առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում: