Հայաստանը տարբերվում է. ինչու է շրիլանկացի թրևլ–բլոգերը 3 անգամ մեր երկիր այցելել

Ոմանց Հայաստանում տպավորում է լեռնային լանդշաֆթը, մյուսներին` ճարտարապետությունն ու հնագույն պատմական հուշարձանները, սակայն շրիլանկացի թրևլ–բլոգերը կարծում է, որ Հայաստանի գաղտնիքն ու նրա գլխավոր ձգող ուժը բոլորովին այլ բանի մեջ է։
Sputnik

Շրիլանկացի Ռոհան Դիրեքզը 10 տարվա ընթացքում հասցրել է 86 երկիր այցելել։ Հայաստանում թրևլ–բլոգերն արդեն երեք անգամ եղել է։

«Ես շատ հազվադեպ եմ նույն երկիրը երկրորդ անգամ այցելում։ Բայց Հայաստանը բոլորից տարբերվում է։ Այն իմ ցանկում միակ երկիրն է, որը երեք անգամ եմ այցելել», – ասում է Ռոհանը։

Հայաստանը տարբերվում է. ինչու է շրիլանկացի թրևլ–բլոգերը 3 անգամ մեր երկիր այցելել

Համավարակից հետո նա մտադիր է կրկին այցելել և հեռուստահաղորդում նկարահանել լեռնային երկրի և նրա բնակիչների մասին։ Չէ՞ որ բլոգ վարելուց բացի, Ռոհանը նաև իր ճանապարհորդությունների մասին հաղորդումների շարք  ունի, որոնք հեռարձակվում են Շրի Լանկայի ամենահայտնի հեռուստաալիքով։

Բլոգերը խոստովանում է, որ հայ ժողովրդի հյուրընկալությունն ու Հարավային Կովկասում ամենահին խոհանոցի համերը ստիպում են կրկին ու կրկին վերադառնալ։

«Հայաստանում ասացվածք կա` հյուրն Աստծունն է։ Ցանկացած ուրախ առիթով հայերը սեղան են բացում` ընկերներին և հարազատներին հյուրասիրելու համար։ Դա է պատճառը, որ ես ասում եմ աշխարհի որ մասից էլ լինես, որ լեզվով էլ խոսես, Հայաստանում զգում ես, ինչպես տանը, յուրայինների շրջապատում», – հավելում է  Ռոհանը։

Նրան մեր երկրում հաջողվել է ներկա գտնվել նաև խաշի արարողությանը։ Անկախ դրա յուրահատուկ համից, թրևլ–բլոգերը հիացած էր այս ճաշատեսակով։

Հայաստանը տարբերվում է. ինչու է շրիլանկացի թրևլ–բլոգերը 3 անգամ մեր երկիր այցելել

Ի դեպ, օրերս նա Facebook–ի իր էջում ներկայացրել էր խաշի պատմությունն ու արարողակարգը։ Ռոհանը ցուցադրել էր, թե ինչպես են Մոսկվայի հայերը առավոտ շուտ նորագույն ավտոմեքենաներով մոտենում հայկական ռեստորանին` վայելելու ազգային այս ուտեստը։ Նա նաև մանրամասն նկարագրել է խաշի ծագման պատմությունը։

«Արագածը ինձ ճիպոտեց». ինչպես բլոգեր Լիլիթը մեկ օրում նվաճեց լեռան չորս գագաթները

«Երբեք չեմ մոռանա հայկական խոհանոցի համերն ու գույները։ Հայաստանն իսկական դրախտ է գուրմանների համար։ Ավանդական ուտեստները բազմազան են, իսկ կանաչեղենի և համեմունքների համադրությունը դրանց համն էլ ավելի հիասքանչ է դարձնում», – ասում է ճանապարհորդը։

Կովկասի հարավում գտնվող լեռնային մեր երկիր իր ուղևորության մասին Ռոհան Դիրեքզը ծրագրել էր մի հայուհու հետ ծանոթանալուց հետո, որն էլ հենց պատմել էր նրան Հայաստանի մասին։ Դրանից հետո նա սկսել էր հետաքրքրվել հայոց պատմությամբ։ Մեր պատմության որոշ էջեր շատ էին զարմացրել շրիլանկացուն։

Հայաստանը տարբերվում է. ինչու է շրիլանկացի թրևլ–բլոգերը 3 անգամ մեր երկիր այցելել

«Այդ ժամանակ էլ ես իմացա, որ հենց Հայաստանն է առաջինն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այսօր երկրի տարածքում կրոնական հուշարձաններ կարելի է տեսնել ամենուր», – ասում է նա։

Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները

Բլոգերը կարծում է, որ պատմական հուշարձանները, ամենաերկար ճոպանուղին (խոսքը «ՏաԹևեր» ճոպանուղու  մասին է, որն անցնում է Որոտանի կիրճի վրայով և միացնում Հալիձոր գյուղը IX-X դարի Տաթևի վանքին), ինչպես նաև բիբլիական Արարատ լեռան զգլխիչ տեսարանը Հայաստանը շատ գրավիչ ու տպավորիչ են դարձնում նույնիսկ փորձառու ճանապարհորդների համար։

Հայաստանը տարբերվում է. ինչու է շրիլանկացի թրևլ–բլոգերը 3 անգամ մեր երկիր այցելել

Ռոհանի խոսքով` բարձր տրամադրությունն ու դրական հույզերը կապահովեն երկրի հրաշալի բնակիչները, նրանց շռայլ հյուրասիրությունը, ընկերասիրությունն ու հյուրի նկատմամբ սրտաբաց վերաբերմունքը։